«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործում առկա իրավական ձեւակերպումները որեւէ փաստի վրա  հիմնված չեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ դեռեւս դեկտեմբերի 27-ին իրենց համար պարզ է եղել, որ Դատախազությունը մերժելու է Թավադյանի պաշտպանի միջնորդությունը. «Սա մեր կողմից հնարավորություն էր, որ Դատախազությունն իր սխալը կարողանա առանց մեծ աղմուկի ուղղել։ Պարզ էր, որովհետեւ նման գործերն առանց նախնական համաձայնության Քննչականի եւ Դատախազության չեն կատարվում։ Սա էլ այն շարքային գործը չէր, որ կարող էինք պատկերացնել՝ Քննչականը կարող է սխալ անել հետագայում, Դատախազությունն էլ հետեւի ու տեսնի՝ սխալ է եւ ուղղի։ Մենք նաեւ հանդիպում ենք ունեցել Դատախազության ներկայացուցիչների հետ, եւ այն տպավորությունն էր, որ այս միջնորդությունը շաբլոն ձեւակերպումներով մերժում ստանալու է։ Այն անձը, որը ենթադրվում է, որ ինքն անմիջականորեն գնացել եւ որոշակի անձնանց համոզել է, ճնշել է, կաշառել է այս պահին ազատության մեջ է։ Եվ այդ նույն անձի միակ ցուցմունքի հիման վրա այսօր Թավադյանը կալանավորված է»,- ասաց Խուդոյանը։

Հարցին՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել՝ Խուդոյանը պատասխանեց.

«Գույքի վրա դրված կալանքի մասին տեղեկություն չունենք, բայց փորձը հուշում է, որ կարող ենք ունենալ։ Ինչո՞ւ եմ ասում, որ նման կանխատեսում կա, որովհետեւ խուզարկությունների ժամանակ առգրավվել են դրամական միջոցներ, որը որեւէ կերպ չի կարող կապվել գործի հանգամանքների հետ»։

Հովհաննես Խուդոյանը հայտնեց նաեւ, որ հունվարի 4-ին հանդիպել է Արմեն Թավադյանին, նա ուներ բարձր տրամադրություն։

Նշենք, որ քիչ առաջ Դատախազությունը մերժեց Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Պաշտպանն էլ հայտնեց, որ պատրաստվում են այսօր նույն բողոքով դիմել նաեւ Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է, ըստ Ոստիկանության տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։