Հայաստանի նոր իշխանությունների՝ հասարակությունը «սեւերի» ու «սպիտակների» բաժանելու քաղաքականությունը վախեցնում է լուրջ ներդրողներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 10-ին ասել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
Նրա կարծիքով՝ կառուցողական քաղաքականությունը ենթադրում է ողջ հասարակության համախմբում։ «Բայց այդ թեմայի վերաբերյալ սովորաբար հնչում են հերթապահ նախադասություններ նոր ղեկավարության կողմից։ Ավելին, 2018, 2019 թվականներին դրանք չեն հնչել, ընդհակառակը, իշխանությունները շարունակել են հասարակությունը բաժանել «սպիտակների» եւ «սեւերի»։ Անկախ այն բանից, թե ինչ թվեր է հնչեցնում Հայաստանի վարչապետը, արդյունքները տնտեսությունում տպավորիչ չեն եղել։ «Սպիտակների» եւ «սեւերի», «սաբոտաժի» մասին խոսակցությունները վանում են ներդրողներին։ Արդյունքում՝ մեծ կապիտալը, ինչպես խոստանում էին մինչ այդ, Հայաստան այդպես էլ չեկավ»,- պարզաբանել է Հակոբյանը։
Ինչպես նշեց քաղաքագետը, 2020 թվականի սկզբին իշխանությունները շարունակում են «հեղափոխական» մարտավարությունը։ «Բավական է հիշել խոսակցությունները ֆեյքերի, «կտրված թաթիկների» եւ այլնի մասին։ Առայժմ, իհարկե, անհասկանալի է՝ արդյո՞ք դա իներցիոն գործընթաց է, թե՞ գիտակցված քայլ»,- եզրափակել է Վիգեն Հակոբյանը։











