ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք Ոստիկանությունում բարեփոխումների իրականացմանն առնչվող հարցեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Քննարկվել են բոլոր հարցերը, բոլոր անհանգստությունները, ոստիկանությունում բարեփոխումների հետ կապված հարցերը, 2 օր առաջ տեղի ունեցած դեպքերը, ամեն ինչի պատասխանը ստացվել է»,-նշեց նա։
Սիմոնյանը շեշտեց՝ պետք է տարբերակել քաղաքական գործիչներին․ «Եկեք տարբերենք քաղաքական գործիչներին և համացանցում քֆուր տալով հայտնի դառնալ փորձողներին։ Այն մարդը, որը տարբեր բնույթի վիրավորանքներ է հնչեցնում, քաղաքական գործիչ չի, ուստի քաղաքական հետապնդումներից խոսել, քաղաքական գնահատականներ տալը անարգում է այլ քաղաքական գործիչներին, խոսքը չի գնում միայն իշխանական թևի քաղաքական գործիչներին»։
Սիմոնյանի կարծիքով՝ ոստիկանությունը կանխարգելիչ գործողություն է իրականացրել․ «Ես չգիտեմ՝ դա պատճառ էր իրենց ասֆալտին պառկացնելու համար, թե չէր, բայց երբ մի դժբախտ դեպք է պատահում, հարցադրում է հնչում՝ իսկ որտեղ էր ոստիկանությունը, քանի որ ոստիկանությունը ունի կանխարգելիչ ֆունկցիա։ Ձեր նշած անձինք հայտնի են իրենց ռադիկալ հայտարարություններով, իրենց հետ կապված եղել է տեղեկություն, ոստիկանությունը գործել է ըստ իր լիազորությունների»։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ բերման էին ենթարկվել «Վետօ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» նախաձեռնության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը եւ Արթուր Դանիելյանը, ինչպես նաեւ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, սակայն նրանց ավելի ուշ բաց էին թողել:
Երբ լրագրողը փորձեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին հարց տալ, Ալեն Սիմոնյաը պնդեց՝ Ռոբերտ Քոչարյնաը երկրորդ նախագահը չէ․ «Ռ2 ընտրություններն էլ երկրում վստահություն չեն ներշնում ՀՀ քաղաքացիների մոտ»։
Ռոբերտ Քոչարյանի պնդմանը, որ արտահերթ ընտրությունների հավանականություն կա, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ պարոն Քոչարյանը կտրված է իրականությունից, ինչպես մշտապես կտրված է եղել, ՀՀ-ում որևէ արտահերթ գործընթացի կարիք չկա, եթե կա էլ, միայն արտահերթ կերպով ՀՀ-ին հասցված վնասը և մեր ժառանգություն ստացած վիճակը լուծելու անհրաժեշտությունն է»։











