Ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի նամակը դատախազությունը փոխանցել է ԱԱԾ. այն կդառնա «Հոկտեմբերի 27-ի»՝ անջատված մասով վերսկսված վարույթի քննության առարկա։ Արթուր Վանեցյանին հարցաքննել են. ԱԱԾ նախկին տնօրենը վկա է գաղտնալսումների եւ Ֆուտբոլի ֆեդերացիայում առերեւույթ չարաշահումների գործերով։ Չինաստանում ժամանակավոր բնակվող ՀՀ քաղաքացիները սպասում են տարհանման. նրանք ակնկալում են հայրենի կառավարության աջակցությունը։ 3-րդ նախագահի եղբորորդու դատավարությունը վերսկսվել է. Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի համար: Երկրորդ նախագահի փաստաբանը Վերաքննիչի դատավորին ինքնաբացարկի հերթական միջնորդությունն է ներկայացրել. դատարանը քննում է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը։ Վարչապետների սելֆին. Ալմաթիում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի պաշտոնակցի հետ։ ՀՌՀ նախագահը զարմացրել է Ռուսաստանի դեսպանությանը. Տիգրան Հակոբյանն ասել էր, թե ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը: «Նաիրիտից» ոչ մի չոփ այլեւս չպետք է վաճառվի. գործարանի աշխատակիցների հերթական ցույցը։
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի նամակը դատախազությունն ուղարկել է Ազգային Անվտանգության Ծառայություն։
Հունանյանն այդ նամակը գրել էր Նիկոլ Փաշինյանին, որն այն ուղարկել էր դատախազություն։ Դատախազության ներկայացուցիչն ասել է, որ նամակն ուղարկվել է «Հոկտեմբերի 27-ի»՝ անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու նպատակով։
ԱԱԾ նախկին տնօրենին Քննչական կոմիտեում երեկ հարցաքննել են։ Կոմիտեի մամուլի խոսնակը հայտնել է, որ Վանեցյանը որպես վկա հարցաքննվել է գաղտնալսման գործով եւ դարձյալ որպես վկա Ֆուտբոլի ֆեդերացիայում առերեւույթ չարաշահումների քրեական գործով։
Չինաստանում ժամանակավորապես բնակվող Հայաստանի քաղաքացիները հայրենի կառավարությունից ակնկալում են իրենց տարհանման գործի կազմակերպումը։ Թայլանդ տեղափոխված հայերից մեկը NEWS.am-ին ասել է, թե կորոնավիրուսով վարակվածներից թիվն այնքան է մեծանում, որ քաղաքներ են փակվում։ Մահացածների թիվը հասել է 213-ի, հաստատված դեպքերի թիվն անցնում է 9600-ից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել:
Նոր կորոնավիրուսի ախտորոշման համար Հայաստանը պայմանավորվել է լաբորատոր թեստեր արտադրող չինական ընկերության հետ, լրագրողներին հայտնել է առողջապահության նախարարը; Արսեն Թորոսյանի խոսքով՝ մեկ տուփը, այսինքն՝ 50 թեստը, արժե մոտ 1500 դոլար: Դրանք կկիրառվեն միայն այն մարդկանց դեպքում, որոնք կորոնավիրուս վարակի նախանշաններ կունենան:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վերսկսվել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:
Հայկ Սարգսյանը տեսակցել է կալանավորված եղբորը՝ Նարեկ Սարգսյանին։ Հարցին՝ ի՞նչ վիճակում է եղբայրը, պատասխանել է՝ «ընտիր», ապա ուշանալը պատճառաբանելով հրաժարվել է մյուս հարցերին պատասխանելուց։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի մասին միջնորդություն է ներկայացրել: Վերաքննիչը քննում է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը, որը բավարարել էր Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու վերաբերյալ: Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի փետրվարի 3-ին:
Քաղաքական իշխանության հակաօրինական ախորժակը պետք է զսպվի, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։ Ըստ նրա՝ իշխանությունը ամեն գնով նույնիսկ ցածրամակարդակ գրիչ նվիրելուց մինչեւ գրկախառնությունների մեխանիզմի միջոցով է փորձում ազատվել ՍԴ-ից։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ պատգամավոր Քրիստինա Պողոսյանին, որն ասել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դատական իշխանության ներկայացուցիչ չէ, և շատ պատգամավորներին, ընդհանրապես մեր կառավարման համակարգում գտնվող անձնանց պակասում են նվազագույն իրավական գիտելիքները։
Ալմաթիում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Միխայիլ Միշուստինի առաջին հանդիպումը։ Պաշտոնական ձեռքսեղմումից եւ լուսանկարվելուց հետո Փաշինյանը գրպանից հանել է բջջային հեռախոսն ու առաջարկել սելֆի անել: Միշուստինը հետաքրքրվել է, թե հայերեն ինչպես են ասում սելֆիին: Փաշինյանը ծիծաղելով պատասխանել է. «Սելֆին հենց հայերեն բառ է»:
Հայաստանում Դաշնության դեսպանությունը զարմացած է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարությունից։ Ըստ դեսպանության՝ Հակոբյանը համառորեն կրկնում է, թե օտարերկրա, այդ թվում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը եւ մեկնաբանում, թե այդ մտքին համամիտ է Ռուսաստանի դեսպանը, ինչը չի եղել։ «Հայաստանի ղեկավարության հայտարարությունների ֆոնին մեր ռազմավարական հարաբերությունների դաշնակցային, եղբայրական բնույթի մասին՝ ռուսական հեռուստաալիքների կողմից «ազգային անվտանգության համար սպառնալիք կրելու» մասին թեզը տարակուսանք է հարուցում»,- նշվել է դեսպանության հայտարարությունում:
«Նաիրիտ» գործարանի վերաշահագործմամբ շահագրգիռ ցուցարարները դարձյալ հավաքվել էին կառավարության մոտ։ Նրանք մտավախություն ունեն, որ գործարանով հետաքրքրված իրանցի գործարարների համար, որոնք այժմ աուդիտ են իրականացնում «Նաիրիտում», կարող են խոչընդոտներ ստեղծվել։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.09 դրամով եւ կազմել 478.60 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.33 դրամով ու կազմել 527.80 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.72 դրամով ու հասել 627.78 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով ու կազմել 7.56 դրամ։
Շաբաթ օրը Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը եւ փետրվարի 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։ Երեւանում եւս շաբաթ օրը սպասվում է ձյուն, իսկ կիրակի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է 0-2, վաղը ցերեկը՝ +1+3։











