Փետրվարի 7-ի լրահոսում գերակշռողը իշխանության նախաձեռնած սահմանադրության փոփոխությունների գործընթացի արձագանքներն են։ Օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը, փետրվարի 7-ին տարածած հայտարարության մեջ նշում են իրավապաշտպաններ Լարիսա Ալավերդյանը, Ավետիք Իշխանյանը եւ Ռուբեն Մելիքյանը։ «Կարևորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն և անիրավաչափորեն։ Դա ոչ միայն կխարխլի իրավական պետության հիմքերը, այլև կստեղծի իրավունքի ոտնահարման ծանրակշիռ նախադեպ», գրել են նրանք ու Հանրապետության նախագահին կոչ արել ձեռնպահ մնալ հանրաքվեի նշանակումից։

Սահմանադրական ճգնաժամ գոյություն չունի, այն շինծու օրակարգ է, լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Պատգամավորն անթույլատրելի է համարում, երբ որոշ պատգամավորներ խոսում են ամբողջ ժողովրդի անունից․ «Հաճախ ամբողջ ժողովորդի անունից խոսում են մարդիկ, որոնք դուրս գան ու 3 կմ քայլեն, 3 մարդ իրենց չի մոտենա»։

Երեկ մեր երկրում, սահմանադրագետ Գոհար Մելոյանի համոզմամբ, դրվեց իրավական անարխիայի հիմքը։ Ըստ նրա՝ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների կողմից ուղղակիորեն ոտնահարվեցին սահմանադրության կարեւորագույն սկզբունքները։ Մելոյանը շեշտել է, որ նախագիծն առաջին ընթերցումից հետո պետք է ուղարկվեր Սահմանադրական դատարան, դրական եզրակացությունից հետո երկրորդ ընթերցմանը տապալելուց հետո միայն դրվեր հանրաքվեի։

Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ: Այս մասին թվիթերյան  իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Հետևանքները շատ ծանր են լինելու՝ խարխլելով մեր երկրի իրավական անվտանգությունն ու հարվածելով միջազգային վարկանիշին»,-նշել է նա:

Երկրում ստեղծվել է շատ խորը սահմանադրական ճգնաժամ, որն իր հերթին հանգեցրել է նաեւ քաղաքական ճգնաժամի։ Սա էլ սահմանադրագետ Վարդան Այվազյանի կարծիքն է։ Նա եւս պնդել է, որ հանրաքվե անցկացնելը հակասահմանադրական որոշում է։ Այվազյանի խոսքով՝ թնջուկը լուծելու գործում առաջին եւ ամենաակտիվ դերակատարը պետք է լիներ նախագահը։

Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ ճշմարտությունը դարձել է անընկալելի, իսկ դեմագոգիան անցնում է որպես ճշմարտություն, լրագրողերի հետ հանդիպմանն ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Վարչապետի ելույթներն ուսումնասիրելուց հետո վերլուծաբան Մենուա Հարությունյանի հանգել է համոզման, որ երբ ժողովուրդը Փաշինյանին պետք է՝ նա հպարտ քաղաքացի է, երբ պետք չէ՝ նա դառնում է աղքատությունը ուղեղում չհաղթահարող անձ, որի կաթից թրիքի հոտ է գալիս։

«Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված է դրույթ, որով սահմանված են հանրաքվեի անցկացման ժամկետի սկիզբ եւ ժամկետի ավարտ՝ 50-ից 65 օր. Օրը կնշանակի հանրապետության նախագահը, լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որը հանդիպման էր եկել Ազգային ժողովի նախագահի հետ:  Հարցին, թե ինչպես է աշխատում ժամանակին իրեն սուր քննադատության ենթարկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանի դեպքում վերջինը համարվում է նախորդ ռեժիմի ներկայացուցիչ, Մուկուչյանը պատասխանել է.

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետին, մաքսային 2 տեսուչի եւ մեկ մաքսանենգի։ Մաքսատան աշխատակիցները բեռնափոխադրողի հետ պայմանավորվել են 3 հազար դոլարի դիմաց բեռն առանց մաքսազերծման Հայաստանի տարածք թողնել։ Գործարքի գնացած մաքսավորի ծանոթը 200 դոլարի դիմաց շեղել է մյուս տեսուչների ուշադրությունը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.38 դրամով եւ կազմել  478.47 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.62 դրամով եւ կազմել  524.16 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.84 դրամով  եւ կազմել 618.61 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով եւ կազմել է 7.50 դրամ։

Փետրվարի 8-ի ցերեկը Հայաստանի տարածք է սկսելու ներխուժել ցիկլոնի ցուրտ մթնոլորտային ճակատը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ Լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 8-ին երեկոյից մինչև հաջորդ առավոտ հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ։ Փետրվարի 8-ից 11-ը ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 18-ից 20 աստիճանով: Երեւանում շաբաթ եւ կիրակի տեղումներ են սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի՝ +2+4, վաղը ցերեկը՝ +5+7, իսկ արդեն երեկոյան՝ -1-3։