Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի առիթով եւ կարեւորել շնորհավորանքի խոսքերը ԵԿՄ-ում հնչեցնելը, որովհետեւ միությունը Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերեւելի արտահայտություններից մեկն է: «Երեւելի՝ ոչ միայն եւ ոչ այնքան ֆիզիկական իմաստով, որքան դրա բովանդակային խորությամբ: Ինչո՞ւ ենք մենք այսքան կարեւորում եւ բարձր գնահատում Վազգեն Սարգսյանի գործունեությունը որպես ազատամարտի կազմակերպիչներից մեկը, որպես Սպարապետ, որպես Հայոց բանակի, ժամանակակից բանակի հիմնադիր: Դա ունի շատ պարզ բացատրություն, որովհետեւ Վազգեն Սարգսյանի գործունեությունն առաջին հերթին որպես ազատամարտիկ՝ արտահայտությունն էր այն հավատի, որ մարդը կարող է ունենալ ինքն իր ուժերի նկատմամբ՝ փոխելու սեփական ժողովրդի ճակատագիրը, փոխելու սեփական ժողովրդի ապագան: Եվ կարծում եմ, որ այդ հավատն 90-ականների սկզբին հենց Վազգեն Սարգսյանի մեջ է ծնվել: Այդ հավատը վարակել է հարյուրավոր, հազարավոր մեր ուրիշ հայրենակիցների եւ այդ հավատի շնորհիվ է, որ տեղի է ունեցել հաղթանակն արցախյան ազատամարտում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը նկատել է՝ մեր ազգային ճակատագիրն ուսումնասիրելիս կարող ենք արձանագրել, որ մեր հաղթանակների մեծագույն մասը կապված է հենց մեր ուժերին, ինքներս մեր անցյալին եւ մեր ապագային հավատի հետ: «90-ականներին այդպես էր, եւ այդ հավատի ամենավառ արտահայտիչներից մեկը Վազգեն Սարգսյանն էր, դարասկզբին՝ 1918 թվականին, Արամ Մանուկյանն էր, եւ կարծում եմ՝ հենց ժողովրդի ինքնապահպանման բնազդը եւ ընդունակությունը ժամանակ առ ժամանակ ստեղծում է, դուրս է բերում գործիչների, ովքեր իրենց մեջ դաստիարակելով հավատը՝ կարողանում են վարակել նաեւ ուրիշներին: Մեր խնդիրը հետեւաբար նույնն է բոլոր ժամանակներում»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր ժողովրդի հնարավորինս մեծ թվով ներկայացուցիչներ հավատան իրենք իրենց, իրենց ստեղծարար տաղանդին, իրականությունը, աշխարհը եւ ապագան փոխելու իրենց ուժին:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հենց այդ հավատի եւ հատկության շնորհիվ է, որ մենք պետք է կերտենք նորանոր հաղթանակներ: «Ընդ որում, շատ կարեւոր է արձանագրել, որ 1994 թվականին այդ փառահեղ եւ շրջադարձային հաղթանակը տանելուց հետո մենք, ցավոք, այսօրվա դրությամբ չենք կարող արձանագրել, որ նույնպիսի մասշտաբային հաղթանակներ ունեցել ենք այլ բնագավառներում՝ տնտեսության, կրթության, արտաքին քաղաքականության, մեր օրինականության, իրավունքների պաշտպանության ոլորտներում, մինչդեռ այդ փառահեղ հաղթանակն ամրացնելու, հավերժացնելու, ընդհանրապես որեւէ կասկածից դուրս դնելու միակ ճանապարհը դա էր, որ մեր այդ մասշտաբային ռազմական հաղթանակին պետք է հաջորդեր նույնպիսի մասշտաբային հաղթանակը կրթության բնագավառում՝ սկսած նախակրթարաններից, շարունակած հանրակրթական դպրոցներով եւ բարձրագույն ուսումնական հաստատություններով: Մենք նույնպիսի մեծամասշտաբ հաղթանակներ պետք է արձանագրեինք տնտեսության ոլորտում, նույնպիսի մեծամասշտաբ հաղթանակներ պիտի արձանագրեինք գիտության, արվեստի, բոլոր հնարավոր բնագավառներում: Եթե այդ հաղթանակները լինեին, այսօր մեր հանրության շրջանում որեւէ պարագայում քննարկման առարկա չէր լինի՝ իսկ կկարողանա՞նք արդյոք մենք մեր շահերին համապատասխան ձեւով լուծել Արցախի հարցը, իսկ կկարողանա՞նք արդյոք մենք դիմակայել անվտանգային այն մարտահրավերներին, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում»,- նշել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ ընդհանրապես չէինք քննարկի հարցը, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ ընդհանրապես, յուրաքանչյուր հայի համար, որտեղ է ավելի նախընտրելի ապրել՝ Հայաստանի Հանրապետությունում, Միացյալ Նահանգներում, թե Եվրոպայում:
«Մենք ընդհանրապես այդպիսի հարցեր չէինք քննարկի: Ես սա չեմ ասում, որպեսզի հուսահատվենք կորսված հնարավորությունների եւ ժամանակների պատճառով, ես ուզում եմ, որ մենք վերադառնանք մեր օրակարգին՝ արձանագրելով, որ ռազմական հաջողություններն անխուսափելիորեն կկորսվեն, եթե այդ հաջողություններն այսօր, հենց հիմա չամրապնդենք տնտեսական հաղթանակներով, կրթության, Հայաստանում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտներում նույնպիսի մասշտաբային հաղթանակներով, ժողովրդավարության, օրենքի առաջ մարդկանց հավասարության ոլորտներում:
Այս օրակարգի մասին մենք խոսել ենք նաեւ Երկրապահ կամավորականների միության վերջին 12-րդ համագումարում, եւ կարծում եմ՝ մեզ համար պայմանավորվածություն է, որ սա է այն հիմնական պլատֆորմը, որի շուրջ պետք է աշխատենք եւ կյանքի կոչենք»,- նշել է վարչապետը:











