Կիրակի երեկոյան Երևանում ողբերգական դեպք է գրանցվել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել։ Ժամը 9-ին մոտ Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախում 2 քաղաքացի արգելափակվել է 3-4 մ խորությամբ փորված փոսում՝ 1 մ հողաշերտի տակ: Դեպքի վայր են մեկնել փրկարարները։ Պարզվել է, որ ջրագծի անցկացման համար փորված մոտ 4 մ խորությամբ փոսի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. 52 եւ 38 տարեկան տղամարդիկ մնացել են հողի շերտի տակ ու մահացել։
Հանգստյան օրերին Հայաստանի քաղհասարակությունը, նաեւ սոցցանցերի ակտիվ օգտատերերը դարձյալ բուռն քննարկման թեմաներ ունեին. այս շարքում առաջինը դեռ ուրբաթ երեկոյան Երեւանի Մետրոյում տեղի ունեցած արտակարգ դեպքն էր։ Երբ վարչապետը «Այո»–ի բուկլետներ էր բաժանում, ուղեւորներից երիտասարդ մի աղջիկ, բուկլետը պատռել եւ նետել է վարչապետի վրա, ինչին Փաշինյանն արձագանքել է. «Մենք հարգում ենք ձեր տեսակետը, ժողովրդավարությունը հենց դրա համար է»։ Ավելի ուշ վարչապետը, ֆեյսբուքյան գրառմամբ, շեշտել է, որ այդ միջադեպը «Այո»-ի ամենալավ քարոզարշավն էր։ Նրա կողմնակիցների ճամբարից սպառնալիքներ եւ դաստիարակչական դասեր են հնչել, ընդդիմախոսներն էլ ընդգծելով, որ «Ինչ ցանես, այն էլ կհնձես», հիշեցրել են, որ փողոցային երթերի ժամանակ Փաշինյանը պատռում ու փողոց էր նետում Վալերի Օսիպյանի ընթերցած որոշումը՝ չարտոնված երթերի մասին, կամ բուկլետներ էր նետում Սերժ Սարգսյանի ավտոշարասյան ուղղությամբ։ Ի դեպ, գրեթե ուշադրության չի արժանացել դրվագը, երբ աղջիկը վերադարձնում է բուկլետը, եւ պատռում է, երբ վարչապետը նորից է նրան տալիս այն։
Փորձագետ Տիգրան Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրել է՝ ինչպես էին ժամանակին հեղափոխականները վարվում նախկինների հետ։
Նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը հանգստյան օրերին զինվորական հոսպիտալի առջև բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, որ այն սպան, որ կանգնած է սահմանի վրա, ավելի պաշտպանված է, քան երկրի ներսում: Նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը։ Կոմայում գտնվող սպայի հայրը հայտարարել է, որ արդար քննության մասին իր պահանջները չբավարարելու դեպքում՝ հինգշաբթի օրը հոսպիտալից երթով կհասնի կառավարություն։
Պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը, նկատի ունենալով բռնության դեպքերը, բոլորին կոչ է արել հեռու մնալ հայոց բանակի սպաներից, անկախ քաղաքացիական կամ սոցիալական կարգավիճակից: Ըստ նրա՝ 3-4 սպա վկայում է, որ դեպքի վայրում եղել է 6-7 հոգի, այդ թվում եւ մարզպետը, բայց գործի նյութերում այդպես չէ, եւ այդ գործը կոծկողները պատասխան են տալու: Պահեստազորի սպայի համոզմամբ՝ ֆեյսբուքը դարձել է ատելությունը գեներացնող հարթակ:
Սոցիալական ցանցերում սանձազերծված հալածանքը լիովին ոչնչացնում է ինքնադրսեւորման հնարավորությունն այլախոհների համար, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Ըստ նրա` այդ մթնոլորտը հաճախ ստեղծում են գործող իշխանությունները:
«Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանն ընդունել է, որ սոցցանցում կա ընդդիմադիրներին հայհոյող ֆեյքերի բանակ, պարզապես, ըստ նրա, ոչ միայն նրանք են հայհոյում, այլեւ իրական քաղաքացիները։
Այսինքն, մենք պետք է սահմանները փակենք ու ասենք, որ մերժված քաղաքական գործիչներն իրավունք չունե՞ն լքել երկրի սահմանները, իսկ նրանց հետ հանդիպել ցանկացողների փոխարեն էլ որոշենք, որ չպետք է հանդիպեն նրանց հե՞տ, խոսելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի մասին, ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։ Թեմային արձագանքել է նաեւ Սիսակ Գաբրիելյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 8-ին հանդիպում է ունեցել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ, որոնք արդար քննության պահանջով ամեն հինգշաբթի բողոքի ցույց են կազմակերպում կառավարության շենքի մոտ։ Փաշինյանը մի քանի տարբերակ է առաջարկել. նշված քրեական գործերը հանձնարարել այլ քննչական մարմնի եւ այնպիսի քննիչների, որոնք նախկինում որեւէ առնչություն չեն ունեցել գործին: Երկրորդ` քննչական գործերով խորհրդակցություն հրավիրել վարչապետի մոտ, ինչը նույնպես ուղիղ եթերում կհեռարձակվի:
«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հրապարակել է կադրեր մարտի 4-ի, լույս 5-ի գիշերը Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող տների վրա ոստիկանների հարձակումից: Կադրերում երևում է՝ ինչպես են ոստիկանները կոտրում տան դռները և Վարդանյանի 5–ամյա թոռնուհու ներկայությամբ զենքերով շրջում։ Այսօր ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Արամ Վարդանյանի նկատմամբ։
Դատարանը գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Հիշեցնենք, որ Հ2 ալիքի սեփականատիրոջ նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, նաեւ որոշվել էր որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին։
Մարտի 7֊ի երեկոյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բուժկենտրոն՝ արյան ճնշման կտրուկ տատանումով եւ ինքնազգացողության վատացմամբ։ Հաջորդ օրը երկրորդ նախագահին տեղափոխել են «Էրեբունի» բուժկենտրոն։ Ըստ նրա պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանի՝ Երկրորդ նախագահի եւ մյուսների գործով դատական հաջորդ նիստը մեծ հավանականությամբ չի կայանա։
Երեւանում ու Գյումրիում քայլերթ է տեղի ունեցել ընդդեմ կանանց նկատմամբ բռնության: Միջոցառման կազմակերպիչները «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամներն են ու մի խումբ ֆեմինիստ-ակտիվիստներ: Նրանք հիշեցրել են օրեր առաջ Գյումրիում դաժան ծեծով սպանված 43-ամյա կնոջ դեպքը, նշել, որ բռնությունը նաեւ հանրության անտարբերության հետեւանքն է։
Քայլերթի մասնակիցները երթով հասել են այն տան մոտ, որտեղ օրեր առաջ սպանվել էր կինը, եւ դաժան ծեծի ենթարկվել նրա 13-ամյա աղջնակը։ Հանգստյան օրերին աղջկա մոտ դրական տեղաշարժ է նկատվել։ Նա սկսել է ինքնուրույն շնչել և որոշ բառեր արտասանել։ Կատարվածի մեջ մեղադրվող 28–ամյա երիտասարդը կալանավորված է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման եւս երկու դեպք է գրանցվել, նրանց թիվը հասել է 15-ի: Հարեւան երկրում կորոնավիրուսի կասկածով 51 մարդ կա, որոնք շարունակում են մնալ բժիշկների վերահսկողության տակ:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 7 հազարից, գրանցվել է 237 մահվան դեպք: Երկուշաբթի կորոնավիրուսից մահացել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» նախկին պաշտոնյան: Շաբաթ օրը հաղորդվել էր խորհրդարանի պատգամավոր Ֆաթեմա Ռահբարի մահվան մասին: Կորոնավիրուսի պատճառով Հայաստանը ժամանակավորապես կասեցրել է Իրանի հետ առանց վիզայի ռեժիմը։
COVID-19 նոր կորոնավիրուսն արդեն 3831 մարդու կյանք է խլել, վարակվածների թիվը հասնում է 110 հազարի, առողջացել է 62 հազար մարդ: Կորոնավիրուսից մահացությունը վերջին օրերին, կարծես, կրկին ավելացել է. վերջին 48 ժամվա ընթացքում գրանցվել է 334 մահ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը կորոնավիրուսի տարածման պատճառով մեկնարկել է առանց ձեռքսեղմման: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:
Իսկ ահա Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մեկնարկել է ձեռքսեղմումով եւ հումորով: Փաշինյանը հարցրել է, թե արդյո՞ք պետք է իրար ձեռք սեղմել: Տուսկը պատասխանել է, թե որեւէ խնդիր չկա, ապա հումորով հավելել. «Երբեմն քաղաքական գործիչներն ավելի վտանգավոր են, քան վիրուսը»։
Բացառիկ վիրահատություն Երեւանում։ Մարտի 8-ի լույս 9-ի գիշերը «Նորք-Մարաշ» բուժկենտրոնում 4.5 տարեկան Անգելինային «արհեստական ձախ փորոք» կոչվող սարք են տեղադրել: Վիրահատությունն անցկացրել են հայտնի սրտավիրաբույժ Հրայր Հովակիմյանը, նաեւ Գագիկ Հեբոյանն իր գործընկերների հետ: Վիրահատությունն արժեցել է 100 հազար դոլար, որի 70%-ը հանգանակություն է, 30%-ը վճարվել է պետբյուջեից:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր նախորդ օրվա համեմատ աճել է 0.66 դրամով ու հասել 480.48 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 5.74 դրամով ու կազմել 547.70 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 7.58 դրամով ու հասել 630.87 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.53 դրամով ու կազմել 6.51 դրամ։
Մարտի 10-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5 +7, վաղը ցերեկը` +19 +21:











