Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է հաստատվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երկու հոգին Հայաստանի քաղաքացի են՝ 45 եւ 27 տարեկան, մեկը՝ Իտալիայի, 51 տարեկան։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Այժմ մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը», գրել է Փաշինյանը։ Իտալիայի հետ օդային սահմանը փակելու մասին հնչած պահանջների առիթով, վարչապետը նշել է, որ  նույն տրամաբանությամբ պետք էր փակել նաեւ եվրոպական մյուս ուղղությունները։

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 354-ի. երկրում գրանցվել է մեկ օրում մահերի ռեկորդային աճ՝  63 դեպք: Երկրում գրանցվել է վարակման արդեն 9000 վիրուսակիր։ Առողջապահության նախարարի խորհրդականը հայտնել է, որ անցած մեկ օրում հաջողվել է հայտնաբերել վարակման գրեթե 1000  նոր դեպք:

Եվրոպայում կորոնավիրուսը շարունակում է սրընթաց տարածվել: Դասերը չեղյալ են հայտարարվել Չեխիայի եւ Հունաստանի դպրոցներում ու բուհերում: Զանգվածային միջոցառումները չեղյալ են հայտարարվել շատ երկրներում, Իտալիայում, որտեղ արդեն մահացել է 631 մարդ, քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել տնից դուրս գալուց: Սլովակիայում դպրոցները փակել են միայն մայրաքաղաք Բրատիսլավայում:

Իտալական «Ռոման» հայտարարել է, որ չի կարող մեկնել Իսպանիա «Սեւիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը, հաղորդել է ակումբի մամուլի ծառայությունը։ Իսպանիան փակել է օդային հաղորդակցությունն Իտալիայի հետ։ «Ռոման» կսպասի պարզաբանումների ՈւԵՖԱ-ից։  Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում մեկ ամսով բոլոր մարզական միջոցառումներն արգելված են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սիսիանում «Այո»-ի քարոզարշավի ընթացքում անդրադարձել է մի քանի օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ներողություն խնդրել կուրթանցի երիտասարդից: «Երեկ տեսանյութ հայտնվեց, որ այդ տղան առողջական խնդիրներ ունի», սկսել է նա: Փաշինյանն ասել է, թե մարտի 7-ին կայացած իրենց խոսակցության արդյունքում է նրա ընտանիքը հայտնվել համընդհանուր ուշադրության կենտրոնում, եւ հույս է հայտնել, որ այն աջակցությունը, որ նա կստանա, կլինի զարգացման աջակցություն: Հիշեցնենք, որ news.am-ն էր երեկ  պատմել Կուրթանի 34–ամյա բնակիչ Մեխակ Առաքելյանի առողջական խնդիրների, վագոն-տնակում կենցաղային անմխիթար պայմանների, կոմունալ հարմարությունների բացակայության մասին։ Հիշեցնենք նաեւ, որ երբ նա մոտեցել էր վարչապետին ու խնդրել օգնել տան հարցով, ի պատասխան Փաշինյանն ուղիղ եթերում հանդիմանելով հորդորել էր աշխատել ու տուն ստեղծել եւ վարչապետին նման հարցով չդիմել։

Փաշինյանը Սիսիանում արտասանել է իր՝ «Հեղափոխությանը ասում եմ «Այո»»  բանաստեղծությունը, որը սակայն կիսատ է մնացել. Փաշինյանը շարունակությունը չի հիշել:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իշխանությունները շատ լավ օգտագործում են պոպուլիստական բոլոր մեթոդները։  «Նիկոլ Փաշինյանը կրկին ապացուցում է ևս մեկ սուտ՝ նա այն մարդն է, որ ասում էր, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն։ Մինչդեռ դրամահավաքը այլ բան ապացուցեց։ Այս իշխանությունը գալիս էր աղքատին հարստացնելու, ի՞նչ է իրականում տեղի ունենում։ Հարուստը հարստանում է, աղքատը ավելի աղքատանում», – ասել է նա։

Պարզվում է, որ հպարտ քաղաքացին, այնուամենայնիվ, հեչ էլ ամեն ինչ չի կարող որոշել, որովհետեւ մեզ պետք չի, որ նա քիթը ամեն տեղ խոթի, ֆեյսբուքյան իր էջում գրել է Գերմանիայում աշխատող իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանը։ «Հպարտ քաղաքացին ՍԴ դատավորներին աշխատանքից ազատելուց հետո նոր դատավորներին էլ ինքը չի նշանակելու, հա՞։ Հենց հերթը նշանակելուն է հասնում, միանգամից հիշում ենք, որ այս երկրում Սահմանադրություն ու օրենք կա, որոնք նույն հպարտ քաղաքացուն թույլ չեն տալիս դատավոր նշանակել»։

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մեղադրյալը պատմել է, որ գիտակցությունս կորցրել է, դուրս է եկել հանդիպակաց գոտի, ստեղծել է վթարային իրավիճակ, ներկաներն էլ վթարվածներին օգնելու փոխարեն հեռախոսով նկարել են։ Մեղավորն, ըստ նրա, ուշացած հրշեջներն են։ Հիշեցնենք, որ 2019-ի հուլիսի 6-ին, Զոդի կամրջի վրա տեղի ունեցած մի քանի մեքենաների բախումից հրդեհ է բռնկվել։ Վթարն ու հրդեհը խլել են  7 մարդու կյանք, 4 մարդ վնասվածք էր ստացել։

Այս անգամ դատավարությունը չի հետաձգվել, քանի որ ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանն ունի նոր պաշտպան՝ Մոնիկա Վարդանյանը։ Նախորդ նիստերը հետաձգվել էին, քանի որ Հակոբյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը չէր ներկայանում նիստերին՝ զբաղված լինելու պատճառաբանությամբ։ Դատարանն ընդմիջում է հայտարարել, որպեսզի նոր պաշտպանը գործի նյութերին ծանոթանա։ Ընդմիջմանը տուժողների իրավահաջորդները սկսել են հանդիմանել պաշտպանին։

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ է արձակվել։ Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել է, որ բողոքը բավարարելու պատճառը եղել է հիմնավոր կասկածի բացակայությունը։ Թավադյանը կալանավորվել էր  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացողի ցուցմունքով, թե նրա ենթադրյալ հանձնարարությամբ «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է եղել իր քրեական գործի գլխին, լրագրողների հետ զրույցում ասել է Պետական վերահսկողական ծառայության՝ կասեցված լիազորություններով պետ Դավիթ Սանասարյանը, անդրադառնալով հայտարարությանը, թե իրավապահ մարմիններում  դավաճաններ կան։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սանասարյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.94 դրամով եւ հասել 483.03 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.01 դրամով ու կազմել 546.11 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.41 դրամով  ու կազմել  625.86 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու հասել  6.75 դրամի։

Մարտի 12-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +20+22: