Նախկին իշխանությունները անընդհատ փորձում են մեր ժողովրդին վախեցնել. Վախեցնում են պատերազմով, վախեցնում են սեռական փոքրամասնություններով, վախեցնում են ինքնության կորստով, հիմա էլ նոր մոդա կընկնի, կսկսեն վախեցնել կոնորավիրուսով: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Արենիում քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրանք ժողովրդի վախի մեջ են տեսնում իրենց փրկությունը, բայց մենք ասում ենք՝ չպետք է վախենանք: Ոչ թե պետք է անգիտակցաբար փնթի կամ անփույթ գտնվենք պատերազմի վտանգների, ինքնության հետ կապված, առողջապահության հետ կապված վտանգների դեմ, դա աշխատանք է, որ պետք է անենք, ոչ թե վախեցնենք ժողովրդին: Ժողովրդին պետք է միտք տալ, թեւեր տալ, իսկ իրենք նույնիսկ այն քաղաքական աղբանոցից, որում հայտնվել են, էլի չեն հանգստանում, անընդհատ ուզում են վախեցնել ժողովրդին: Ժողովուրդը պետք է ապրիլի 5-ին գնա ու ասի, որ վախեցած չէ»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, հաջորդ հարցը, որ կա իրենց օրակարգում, ընդդիմության հարցն է. «Շատ է ասվում, որ հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքական դաշտը ավերվել է եւ ըստ էության, ասվում է, որ ընդդիմություն այսօր գոյություն չունի: Շատերը մտածում են եւ բաց էլ ասում են, որ այս կառավարությունն ընդդիմություն չունի եւ չի որոշել, թե ով է իր ընդդիմությունը:

Սա էլ հաջորդ ֆենոմենն է երրորդ հանրապետության, որ սկիզբ առավ 1998 թվականից, երբ իշխանությունն իր համար ընդդիմություն է բուծում եւ սկսում է այդ ընդդիմությամբ մոլորեցնել ժողովրդին: Մենք ասում ենք, որ մեր կառավարությունը չի պատրաստվում իր համար ընդդիմություն բուծել, որովհետեւ իրական ընդդիմություն ստեղծում է ժողովուրդը:

Մենք հիմա ասում ենք, որ ժողովրդի կողմից ստեղծված իշխանություն ենք, բայց մենք դրանից առաջ ժողովրդի կողմից ստեղծված ընդդիմություն դարձանք: Մենք չենք պատրաստվում բուծել ընդդիմություններ, ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե այդ ոըւժերից որոնք են արժանի լինել ընդդիմություն:

Բայց դրա համար ընդդիմադիր ուժերը պետք է դադարեն պայքարել ժողովրդի դեմ, դադարեն հիմ համակարգի մեթոդներով աշխատել ժողովրդի հետ: Պետք է դադարեն վախեցնել ժողովրդին: Ես առաջարկում եմ, որ այն բոլոր ուժերը, որոնք փորձում են վախեցնել ժողովրդին, իրենց պետք է մերժել: Նրանց պետք է, որ ժողովուրդը կծկված լինի, կռացած լինի, իսկ մենք ասում ենք, որ մեր ժողովրդի մեջքը պետք է ուղիղ լինի»,-հայտարարեց վարչապետը: