Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է ավելի խիստ միջոցների դիմել։ Ֆեյսբուքյան լայվով նա կոչ է արել խուսափել թատրոններ, համերգասրահներ այցելելուց։ Նման հիմնարկների գործունեությունը վաղվանից պետք է դադարեցվեն որոշ ժամանակով։
«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետի հետ, պայմանավորվեցինք միայն անձանց անցուդարձը սահմանափակել 10 օրով։ Վրաստանից Հայաստան կարող են գալ միայն ՀՀ քաղաքացիները, Հայաստանից էլ Վրաստան միայն այդ երկրի քաղաքացիները։ Երրորդ երկրների քաղաքացիներին ոչ մի ուղղությամբ դուրս չենք թողնում, Վրաստանի քաղաքացիներին Հայաստան չենք թողնում, Հայաստանի քաղաքացիներին էլ՝ Վրաստան։ Բայց բեռների անարգել երթեւեկությունը կշարունակվի։ Բեռնատարների համար շարասյուն կկազմենք եւ կուղեկցենք մինչեւ սահման», ասել է Փաշինյանը եւ ավելացրել, որ խոստման համաձայն փոխանցում է բոլոր նորությունները, նորից կոչ արել՝ վստահել միայն պաշտոնական լրահոսին։ «Դա շատ կարեւոր է, որպեսզի մենք հնարավորություն չտանք այլեւայլ բամբասանքների տարածումն ու խուճապը։ Ամենաարդյունավետ միջոցը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է իր շրջապատի եւ անձամբ իր նկատմամբ։ Որեւէ ախտանշանի դեպքում պետք է դիմել բժշկի», ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։











