Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել: Այսօր, ժամը 15-ին կայացած նիստում ներկայացված որոշման նախագծում փոփոխություններ են տեղի ունեցել ամսաթվի ու ժամերի հետ կապված։ Ընդմիջումից հետո վերսկսված նիստի սկզբում ներկայացնելով փոփոխությունները, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ արտակարգ դրության մեկնարկը սահմանվել է մարտի 16-ի 18։30-ը նախորդ 17-ի փոխարեն, իսկ ավարտը՝ ապրիլի 14-ը՝ ապրիլի 16-ի փոխարեն, ժամը 17–ը, նախկին՝ 9–ի փոխարեն։ Որոշման նախագիծն ուղարկվել է Ազգային Ժողով՝ արտահերթ նիստում հաստատման նպատակով։
Երկրի ամբողջ տարածքում արգելվում են հանրային միջոցառումների, հավաքների եւ գործադուլների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցելը, կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցությունը: Կրոնական, ծիսական միջոցառումները, համերգները, ցուցահանդեսները, թատերական ներկայացումները եւ սպորտային, մշակութային, կրթական միջոցառումները: Նաեւ տոնական եւ հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան, հարսանյաց կամ նշանադրության, թաղման միջոցառումները:
Հայաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը հասել է 30-ի, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ունենք եւս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ եւ ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեք երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,-գրել է նա։
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել կառավարության շենքի մոտ։ Միջին տարիքի մի տղամարդ բենզին է լցրել իր վրա եւ փորձել ինքնահրկիզվել: Բենզինը նաեւ լցվել է տղամարդու աչքերի եւ բերանի մեջ: Ոստիկանները թույլ չեն տվել քաղաքացուն իրագործել իր նպատակը եւ տեղափոխել են ոստիկանության կենտրոնի բաժին։ Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է նման քայլի դիմել, քաղաքացին ասել է, թե դատավորները ճիշտ չեն աշխատում։ «Հրապարակային սակարկությունով գույքս ուզում են վաճառել»,- ասել է նա։
Ապօրինի արգելափակվել է Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ելքը Հայաստանից, նաեւ՝ օդակայանից, ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։ «Ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին, տուն գնալու ճանապարհին բերման էր ենթարկել Ռուբեն Հայրապետյանը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ 3 ժամ անց ազատ էր արձակվել։
Երկրորդ նախագահը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ «Էրեբունի» Բուժկենտրոնում, NEWS.am-ին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Հիշեցնենք, որ մարտի 7֊ի երեկոյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն՝ արյան ճնշման կտրուկ տատանումով եւ ինքնազգացողության վատացումով, հաջորդ օրը փոխադրվել «Էրեբունի» Բուժկենտրոն։ Ըստ Խուդոյանի՝ Քոչարյանի եւ մյուսների գործով մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձգելու հարց օրակարգում չկա։
Դատարանի որոշումից պարզ դարձավ, որ այն մեղադրանքը եւ այն կալանքը, որում ես գտնվում էի, լրիվ անօրինական ու անհիմն էին, լրագրողների հետ հանդիպմանը նշել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը: Դա ճնշում է խոսքի ազատության վրա»,- ասել է նա:Թավադյանը ենթադրում է, որ քանի որ ինքը երկրորդ նախագահի ընկերն է, կլինեն փորձեր շարունակել կամ հորինել քրեական գործեր իր հանդեպ, իր ակտիվությանը խոչընդոտելու համար: «Քոչարյանի նկատմամբ կա քաղաքական հետապնդում։ Ամեն ինչ անելու եմ, որ դա ապացուցվի ու նախագահ Քոչարյանը հայտնվի ազատության մեջ»,- ընդգծել է «5-րդ ալիքի» սեփականատերը:
Հայկական ծագում ունեցող ֆրանսուհի Ժաննա Բարսեղյանը հաղթել է Ստրասբուրգի քաղաքապետի ընտրությունների առաջին փուլում, հաղորդում է France Info-ն: Առաջին փուլից հետո նա հավաքել է ձայների 27.6%-ը: Երկրորդ-երրորդ տեղերում են Ալյոնա Ֆոնտանելան ու Քեթրին Թրաութմանը՝ ձայների 19,8%-ով:
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ում հայտնել է, որ կրկին հղի է։ Նրա խոսքով՝ ինքը հղիացել է ծննդաբերությունից չորս ամիս անց։ Սիմոնյանն այդ իրադարձությունն «օրհնություն» է համարել եւ բացառել է հղիության արհեստական ընդհատումը։ «Նույնիսկ չգիտեմ՝ ինչպես այս մասին հայտնել առանց հռհռոցի պոռթկման, բայց ես կրկին հղի եմ»,- հավելել է Սիմոնյանը։ Նա երրորդ անգամ մայր է դարձել 2019-ի հոկտեմբերի 19-ին։ Նա եւ Տիգրան Քեոսայանը դստերը տվել են Մարո անունը։
Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը, եթե «Ռոման» պատրաստ լինի վճարել «Արսենալի» պահանջած գումարը: Ըստ «Գաձետա դելլո սպորտ» պարբերականի՝ «Արսենալը», սակայն, մինչև մրցաշրջանի ավարտ կհետևի Մխիթարյանի ելույթներին և նրա հարցում վերջնական որոշում կընդունի միայն ամռանը:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր նախորդ օրվա համեմատ աճել է 1.95 դրամով ու հասել 489.80 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.64 դրամովմ ու հասել 548.23 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 12.97 դրամով ու կազմել 600.94 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.16 դրամով ու կազմել 6.55 դրամ։











