Ցավոք սրտի, սահմանային միջադեպերը շարունակվում են, ցավոք սրտի, երկու կողմերից լինում են զոհեր, եւ մեր խնդիրն է իրավիճակի էսկալացիա թույլ չտալը: Այս մասին ԱԺ հատուկ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, հիշեցնելով, որ անցած շաբաթ Տավուշի ուղղությամբ դիվերսիայի փորձ, Նախիջեւանից կրակոցներ են եղել, հարցրել էր, թե արտակարգ դրության պայմաններում որքանով են մեր Զինված ուժերը պատրաստ դիմակայել արտաքին ագրեսիային:
«Նման դեպքերում փոխադարձ մեղադրանքներ են հնչում, թե ով սկսեց, ով՝ ինչ արեց, եւ այդ պարագայում լավագույն լուծումը սահմանային միջադեպերի հետաքննության գործուն մեխանիզմ ունենալն է: Ինչ վերաբերում է մեր Զինված ուժերին, արդեն բազմիցս է ասվել, նաեւ միջազգային զեկույցում կար, որ մենք սպառազինության գնումները, մասնավորապես 2019-ին եռապատկել ենք: Ձեռք ենք բերել ժամանակակից եւ գերժամանակակից զենք-զինամթերք: Նաեւ Բանակում սննդի նոր կարգը, հագուստի նոր կարգը, աշխատավարձի էական բարձրացումը, այս ամեն ինչը թույլ է տալիս մեզ ասել, որ Բանակի մարտունակությունը բարձր է, մեր Զինված ուժերը, Արցախում էլ Պաշտպանության բանակը կարող են ապահովել Հայաստանի ու Արցախի սահմանների անձեռնմխելիությունը», ասել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ այդ թեմայով ՀԱՊԿ-ում նույնպես որոշակի գործողություններ ձեռնարկվել են:











