Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է, Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,- նշել է նա:
Փոխվարչապետ, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների համակարգող պարետ Տիգրան Ավինյանն արգելել է 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան: Իսկ այդ երկրներից վերադարձող Հայաստանի քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կարանտինի: Այդ երկրներն են Չինաստանը, Իրանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Դանիան, Ավստրիան, Բելգիան, Նորվեգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Միացյալ Թագավորությունը։ Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը։ Արտասահմանից վերադարձող մեր բոլոր քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14-օրյա ժամկետով», Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը։
Տիգրան Ավինյանն այսօր գումարել է պարետատան առաջին նիստը, ներկայացրել օրակարգը: Ավինյանը խնդրել է, որ որ բյուրոկրատական բոլոր ընթացակարգերի վերաբերյալ պաշտոնյաներն ունենան ավելի ճկուն մոտեցում: «Արտակարգ դրության ռեժիմում մենք ունենում ենք որոշումների կայացման ֆորմալիզացման հետաձգումներ կան: Մեր իրավաբանները պետք է ավելի կոնկրետ ու ճկուն համակարգ առաջարկեն, որով մենք առաջ կշարժվենք», ասել է նա: Նիստի մասնակիցները քննարկել են սոցիալ֊տնտեսական անհրաժեշտ միջոցառումները տնտեսությունը ակտիվացնելու ու կորոնավիրուսի ազդեցությունը սոցիալական տարբեր խմբերի վրա մեղմելու համար։
Արտգործնախարարությունը Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց, քանի որ շատ երկրներ վիզային ռեժիմի փոփոխություններ են մտցրել, որոնք խոչընդոտում են մարդկանց տեղաշարժը: Նախարարությունը եւ արտասահմանում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինները մշտապես կտրամադրեն թարմացվող տեղեկատվություն ճամփորդության հնարավորությունների և տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների վերաբերյալ, նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալով երեկ ցերեկը վարակվածների թիը 30-ից հասել էր 45-ի, գիշերը՝ 52-ի։ Այսօր ցերեկը նրանց թիվը 64 էր, երեկոյան 72: Facebook-յան ուղիղ եթերում վարչապետ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու են դեպքերը շատացել։ Ըստ վարչապետի՝ ռազմավարությունը հետեւյալն է. քանի դեռ կա հնարավորություն, մեկուսացնել դրական ախտորոշված պացիենտների հետ շփում ունեցած անձանց: «Մենք փաստորեն հիվանդանոցներում պահում ենք բուժման կարիք չունեցող մարդկանց, որոնք կարող էին նաեւ իրենց տանը ապրել, պայմանով, որ այլ անձանց հետ շփումները սահմանափակեն», ասել է Փաշինյանը:
Վարչապետը նաեւ վստահեցրել է, որ երկրի Ֆինանսական շուկայի վիճակը կայուն է, մանավանդ որ արտարժութային պահուստները հասցվել են ռեկորդային մակարդակի: Ըստ նրա՝ Կենտրոնական բանկն աննախադեպ մեծ ծավալի արտարժույթ է գնել ու պահուստավորել: Փաշինյանը, նաեւ անդրադարձել խանութներից խոշոր ծավալի գնումներին, հորդորել չանտեսել մանր խանութները։
Հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնի աշխատակիցները պարզում են, թե դրական դեպքը ում հետ, ինչպիսի շփումներ է ունեցել եւ բոլոր այն մարդիկ, որոնք ունեցել են սերտ շփումներ արդեն հաստատված հիվանդի հետ՝ մեկուսացվում են։ Այս մասին ասուլիսում հայտարարել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
Արտակարգ դրության խախտում կլինի, եթե քաղաքացիները կոնկրետ իրավիճակներ քննարկեն եւ դեպքերը մատնանշեն, լրագրողների հետ հանդիպմանն ասել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Ըստ նրա՝ ռեստորանների համար այս պահին սահմանափակում չկա։ Վահե Դանիելյանի խոսքով, կալանավորներին ժամանակավորապես ազատ արձակելու հարց նույնպես այս պահին օրակարգում չկա:
Իսկ Իրանի իշխանությունները որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառում ժամանակավորապես ազատել են 85 հազար բանտարկյալի: Իրանում վարակվածների թիվն անցել է 16 հազարից, մեկ օրում մահացել է 135 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 988 է: Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրի խոսքով՝ վարակվածների ընդհանուր թվից 5389 մարդ առողջացել է:
ԲԴԽ անդամներին չեք նշանակում, Վերաքննիչ պալատի անդամին չեք նշանակում. երկիրն ի՞նչ է անելու, եթե դուք ձեր գործը չեք անում, այս մասին այսօր Սահմանադրական դատարանի նիստին, Ազգային Ժողովի ներկայացուցչին է հարցրել Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը։ Նշենք, որ բարձր ատյանում նախագահի կողմից վիճարկվում են մի շարք օրենքների տարբեր հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։
Երկրորդ նախագահի գործով այսօրվա դատական նիստը չի կայացել. նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն առողջական խնդիրներ ունի։
Այս նիստին նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացնելու դատարանին։ Դատավարության մասնակիցներին հեռախոսով նիստի չկայանալու մասին հաղորդելը փաստաբանական թիմը համարել է անհարգալից վերաբերմունք։
Մինչեւ ուրբաթ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը համառորեն փորձել է ճշտել՝ մարտի 17-ին դատական նիստը կայանալու է, թե ոչ։ Ասել են՝ այո, լրագրողներին պատմել է փաստաբան Հայկ Ալումյանը, ավելացրել, որ երկուշաբթի էլ ինքն է միջնորդություն մուտքագրել նախկին վարչապետերի երաշխավորության մասին, եւ դարձյալ չի ասվել, որ նիստը չի կայանալու։ Արդյոք արտակարգ դրությունը կարող է ազդել դատական նիստերը հետաձգելու որոշում կայացնելու առումով։ Հայկ Ալումյանը պատասխանել է նաեւ երկրորդ նախագահի առողջական վիճակի վերաբերյալ հարցին։
ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն առավոտյան 8-ն անց 43-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ կան տուժածներ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է, կա 24 տուժած։ Նրանց մի մասի առողջական վիճակները գնահատվում է միջին ծանրության, իսկ մյուս 16-ը՝ դուրս գրվել հիվանդանոց:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.96 դրամով եւ հասել 490.76 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.93 դրամով ու կազմել 544.30 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.54 դրամով ու կազմել 597.40 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 6.56 դրամ։
Մարտի 18-19-ը Hajastani շրջանների զգալի մասում, 20-ի գիշերը որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:











