ԶԼՄ-ների հրապարակման եւ տարածման սահմանափակումները սահմանված են Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքով: Այս մասին այսօր` մարտի 20-ին, ԱԺ արտահերթ նիստին ասաց ՀՀ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի այն հարցին, թե կա՞ն արդյոք նորմատիվ ակտեր, որոնք սահմանում են ԶԼՄ-ների հրապարակման եւ տարածման սահմանափակումները:

Անդրադառնալով պատգամավորի այն հարցին,որ Քր. Օրենսգրքով 5 տարի ազատազրկում է նախատեսվում անզգուշությամբ վարակը տարածելու համար, եւ որքանով է հիմնավորված այսպիսի խիստ սանկցիան, փոխնախարարն ասաց, որ խոսքը չի վերաբերում արարքն անզգուշությամբ կատարելուն, այլ խոսքը դիտավորությամբ արարքը կատարելու մասին է:

«Այսինքն՝ անձը մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը չի խախտում անզգուշությամբ, սակայն հետեւանքներն են առաջանում անզգուշությամբ եւ ընդունեք, որ իսկապես հանրորեն վտանգավոր արարք է, որ անձը գտնվելով մեկուսացման կամ ինքնամեկուսացման մեջ եւ ունենալով այն տեղեկատվությունը, որ ինքը բնակչության համար վարակիչ հիվանդությամբ է տառապում, կամ հնարավոր է, որ այդ հիվանդությունը ունի եւ մեկուսացման ռեժիմը խախտում է` դրանով վտանգելով բնակչության առողջությունը»,-ասաց փոխնախարարը:

Պատգամավորը, արձագանքելով փոխնախարարին, ասաց, որ ինքը չի պատկերացնում, թե ոնց կարող է անձը դիտավորությամբ անզգուշորեն վարակի այլ մարդկանց. «Ես իմանամ, որ ես հիվանդ եմ, մտնեմ ձեր մեջ ու ասեմ` ես չգիտեի, որ կարող եմ ձեզ վարակեմ, սրա անզգուշությունը ո՞րն ,է եւ եթե մեղքն անզգուշությամբ է բնութագրվում, դրա համար կարելի է մարդուն 5 տարի ազատազրկե՞լ։ Դուք ո՞նց եք պատկերացնում»:

Փոխնախարարն ասաց, որ հարցին արդեն պատասխանել է եւ հավելեց, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման օրենքով է սահմանված եւ Կառավարության արտակարգ դրություն սահմանելու մասին կառավարության որոշման 7-րդ կետով: «Իհարկե, կարող է դրսեւորվել անզգուշություն, որովհետեւ անձը, երբ որ կոնկրետ դեպքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջը խախտում է, նա այդ պահանջը չի խախտում, որ գնա ուրիշներին վարակի, նա մեկուսացման պահանջը խախտում է, բայց իր կամքից անկախ հանգամանքներում անձինք վարակվում են»,-հավելեց նա:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ փոխնախարարի ասածն ավելի պատկերավոր դարձնելու համար մի օրինակ բերեց. «Ենթադրենք` մարդուն պահանջեն ինքնամեկուսանա, բայց նա որեւէ մեկին վարակելու մտադրություն չունենա եւ 4-րդ հարկից իջնի առաջին հարկ աղբը թափելու, պատահի հարեւանին եւ անզգուշաբար վարակի: Դա չի կարող լինել դիտավորյալ»:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթը։