Կորոնավիրուսով վարակված 194 անձանց շրջանում ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդներ չունենք, բոլորի վիճակը գնահատվում է բավարար, Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Զեկուցվել է, որ քայլեր են ձեռնարկվում թեստերի եւ դիմակների նոր խմբաքանակների ներկրման ուղղությամբ: Ըստ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի՝ երկրում կորոնավիրուսի կանխարգելման ուղղութամբ իրավիճակը վերահսկելի է եւ ողջ ուշադրությունը կենտրոնացած է կանխարգելիչ միջոցառումների վրա:
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ամբողջ աշխարհում կորոավիրուսի հարցում հսկայական անորոշություններ են: Այսօրվա դրությամբ չկա մի երկիր, որը կարող է արձանագրել, որ հստակ հսկողության տակ է առել իրավիճակը եւ կառավարում է այն»,-ասել է նա: Փաշինյանի խոսքով՝ կառավարության գործունեությունը պետք է երկու տրամաբանության բաժանված լինի. «Առաջինը պարետատան գործունեությունն է, որը պետք է օպերատիվ հարցերը կարգավորի, երկրորդ մասը պետք է լինի հակաճգնաժամային, միաժամանակ ռազմավարական քայլերի մշակումը, որպեսզի մենք կարողանանք այս իրավիճակում կոլապսների առաջ չկանգնել:
Հայաստանի ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսով վարակված 59 քաղաքացիական պացիենտ կա, ճեպազրույցում հայտարարել է փոխոստիկանապետ Հայկ Մհերյանը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր օր ինքնամեկուսացման ռեժիմի խախտման 2-4 դեպք է գրանցվում: Ոստիկանների շրջանում եւս կան մեկուսացված եւ ինքնամեկուսացված անձինք:
Փոխոստիկանապետն ասել է, որ արտակարգ դրության ռեժիմի գործողության սկզբից ի վեր 22 լրատվամիջոցների խնդրել են հեռացնել պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող տեղեկությունները: Նա դժվարացել է հայտնել օգտատերերի թիվը, որոնց խնդրել են հեռացնել պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող տեղեկությունները եւ գրառումները:
Ասողին լսող է պետք: Եթե Ծառուկյանի ասածները չկատարվի, դատարկ տաշտակի առաջ եք կանգնելու: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Դիտարկմանը, որ եթե խոշոր սեփականատերերը մի կողմ քաշվեն, պարապուրդի մատնված իրենց աշխատողներին չվճարեն, ամեն բան թողնեն պետության վրա, պետությունն ինչպե՞ս է միայնակ դուրս գալու այդ տնտեսական շոկից, ԲՀԿ առաջնորդն արձագանքել է. «Ասենք, Ծառուկյանը տվեց: Բա մյուսնե՞րը»:
ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին այսօրվա դրությամբ մուտքերը կազմել են 398 ու կես միլիոն դրամ: Մուտքերի ընդհանուր քանակը 2210 է:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կառավարության շենքի մոտից կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ է բաժանել քաղաքացիներին: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր կյանքը 360 աստիճանով շրջված է, ասել է նա:
Պաշտպանության բանակում շարունակվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները, հայտնել են Արցախի պաշտպանության բանակից: Հատուկ միջոցներով ախտահավում են զորանոցները, այնտեղ մուտք գործող ավտոմեքենաները: Զինծառայողներին պարբերաբար ջերմաչափում են, ձեռնարկում այլ միջոցներ, բանակում վարակի թափանցումը թույլ չտալու համար:
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեռնարկել է մի շարք նախականխիչ-պաշտպանական միջոցներ: Տեղամասային կենտրոններում գտնվողներն ապահովված կլինեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով, տեղամասային կենտրոններում կլինեն ուղեցույց-բժշկական ցուցումներ: Տեղամասերը կախտահարվեն նախապես: Քվեարկելիս գրառում կատարելու համար յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ: Քվեարկության օրը բոլոր պետական բուժհիմնարկները շուրջրյա հերթապահություն կիրականացնեն:
Երկու հարկային տեսուչներ ձերբակալվել են կաշառք վերցնելու պահին: Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ ՊԱԿ-ի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր հարկային 2 տեսուչներն իրենց կազմած ակտով չեն արձանագրել հայտնաբերված խախտումները, դրա դիմաց պահանջել են 30 հազար դոլար, որի մի մասը՝ 4 միլիոն դրամը ստանալու պահին ձերբակալվել են: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 4 մարդ:
Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը մտադիր է ամեն գնով թիմում պահել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ «Ռոման» կփորձի Մխիթարյանի գործակալի՝ Մինո Ռայոլայի միջոցով բանակցել «Արսենալի» հետ, որպեսզի լոնդոնյան ակումբի հետ համաձայնության գա Մխիթարյանի տրանսֆերային արժեքի հարցում: Այժմ «Արսենալը» 31-ամյա ֆուտբոլիստի դիմաց պահանջում է 25 միլիոն եվրո, որը «Ռոման» պատրաստ չէ վճարել: «Ռոմայի» ղեկավարությունը վստահ է, որ «Արսենալի» նախագահի հետ Ռայոլայի ջերմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել հայ կիսապաշտպանի տեղափոխության հարցում:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.43 դրամով ու հասել 495.01 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.35 դրամով ու կազմել 528.77 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 6.44 դրամով ու կազմել 573.47 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.21 դրամով ու կազմել 6.13 դրամ։
Մարտի 24-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանն աստիճանաբար 3-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +2+4, վաղը ցերեկը՝ +15+17։











