Միջմարզային երթուղիները գործում են Շիրակի մարզում, ինչպես նաեւ Լոռիի, Սյունիքի եւ Կոտայքի մարզերում: Այս մասին մարտի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Ընդ որում՝ նրա խոսքով, հանրապետությունում երթուղիներ են գործում նաեւ որոշ համայնքների միջեւ:

«Դրանք գործում են Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Լոռիի, Սյունիքի եւ Կոտայքի մարզերում: Իսկ մնացած մարզերում եւ համայնքներում, համապատասխանաբար, չեն գործում»,- պարզաբանեց Սիմոնյանը:

Փոխնախարարը միաժամանակ հայտնեց, որ միջմարզային երթուղային տրանսպորտի առումով պարետի որոշման մեջ նախատեսվում է կատարել մի շարք փոփոխություններ: Խոսքը, մասնավորաբար, ավտոբուսների եւ միկրոավտոբուսների մասին է, որոնք իրականացնում են ուղեւորափոխադրումներ:

«Այսօրվա որոշմամբ նախատեսվում է նաեւ արգելել մարզերի միջեւ ուղեւորափոխադրումները: Հիշեցնեմ, որ այսօրվա դրությամբ դրանք գործում են միայն 5 մարզերում»,- ընդգծեց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով գործում է արտակարգ դրության ռեժիմ: