Հայաստանի ԶՈՒ 6 զինծառայողները կորոնավիրուսից ապաքինվել են եւ դուրս գրվել: Այս մասին ապրիլի 13-ին ճեպազրույցում հայտնեց Հայաստանի ԶՈՒ բուժվարչության պետ Սահակ Օհանյանը:
Նրա խոսքով՝ զինծառայողների թվում ծանր կամ ծայրահեղ ծանր պացիենտներ չկան: Չկան նաեւ ԹԱՕ սարքին միացված կամ թոքաբորբով հիվանդներ: Ինչ վերաբերում է մեկուսացվածների եւ հիվանդների թվին, Սահակ Օհանյանը նպատակահարմար չհամարեց նման տեղեկությունների հրապարակումը: «Կասեմ միայն, որ նրանք փոքրաթիվ են»,- հավելեց վարչության պետը:
Սահակ Օհանյանը նշեց, որ ներկայումս բանակի զորանոցային դրության անցնելու անհրաժեշտություն չկա: Ռազմական բժիշկներն ի վիճակի են իրավիճակի հաղթահարմանը:
«Եթե անհրաժեշտ լինի, նման որոշում կընդունվի»,- նշեց Օհանյանը՝ շեշտելով, որ բժիշկները համաճարակի պայմաններում աշխատելու փորձ ունեն, օրինակ՝ խոզի գրիպի: Նրա խոսքով՝ զինծառայողների հիվանդության դեպքում ազգականները պարտադիր կարգով տեղեկացվում են: Ի պատասխան այն դիտարկմանը, որ պայմանագրային ծառայողներն ու սպաները դուրս են գալիս զորամասի սահմաններից, շփվում բնակչության հետ եւ այսպիսով կարող են դառնալ զինվորների վարակման պոտենցիալ աղբյուր, վարչության պետը նշեց, որ նշված կարգի ծառայողներին կոչ է հասցեագրված՝ հնարավորինս կրճատել շփումները, իսկ խանութ գնալիս օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ:
Վարչության պետը միաժամանակ հաստատեց լրատվամիջոցների հրապարակումները զորամասերից մեկի մթերք մատակարարող ընկերության սպասք լվացողի մեկուսացման մասին: Նրա խոսքով՝ շփումների ամբողջ շրջանակը մեկուսացված է, ընկերության տնօրինությունը հետեւում է վիճակին: Օհանյանը հատուկ շեշտեց, որ հիվանդացածը զինվորների հետ չի շփվել, միայն սպասքն է լվացել:
Ինչ վերաբերում է վարակման առաջին դեպքին, ապա, Սահակ Օհանյանի խոսքով, բոլոր հիվանդացածներն արդեն շարք են վերադարձել, իսկ զորամասը ծառայության բնական ռիթմի մեջ է:
Վարչության պետը նաեւ հայտնեց, որ Արցախի Պաշտպանության բանակում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել: Հիվանդներ չկան նաեւ Հայաստանի ԶՈՒ բուժվարչության աշխատակիցների շարքերում:











