ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր՝ ապրիլի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին առաջարկեց կորոնավիրուսով մահացած հիվանդներին անպայման դիահերձում անել, որ պարզ լինի, թե ինչից է մահացել:
Ավինյանն արձագանքեց. «Ես համաձայն եմ, որ դիահերձումը գիտական տեսանկյունից կարեւոր է, բայց դրա համար համապատասխան միջավայր է պետք, որպեսզի դիահերձումը վտանգ չհանդիսանա դիահերձողների համար: Մոտ մեկ ու կես ամիս անց կկարողանանք գործընթացը պատշաճ ձեւով կազմակերպել»:
Հիշեցնենք, որ վերջերս ընդունված օրինագծով արգելվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիահերձումը:
Այնուհետեւ Սասուն Միքայելյանը մեկ այլ առաջարկ հնչեցրեց, որ վարուցանքի հետ կապված պարտականությունները կառավարությունն իր վրա վերցնի, ասենք վառելանյութով օգնի. «Որովհետեւ մեր գյուղացիների 70-90 տոկոսը վարկերի տակ է: Երկրորդ համաշխարհայինը պատերազմը կարտոշկով ապրեցինք, մարդիկ կարողացան գոյատեւել ու հաղթել: Նման բաներ ցանեք հացահատիկից բացի: Սա կարող է երկար ձգվի, սրանից պրծնենք՝ ուրիշ աղետի առաջ չկանգնենք, որովհետեւ ուրիշ պետություններ չեն կարողանա մեզ օգնել, գոնե մենք մեր գլխի տերը լինենք»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ պարենային անվտանգությունն առաջնային խնդիր է. «Տեղական եւ ներկրվող ապրանքների վերաբերյալ այլընտրանքային ճանապարհների որոնումը մեր օրակարգում է: Իսկ տեսանելի ապագայում պարենային լուրջ խնդիրներ չենք ունենալու, թեեւ կան որոշ գնային տատանումներ»:











