Ստեփանավանում մարտի 14-ին դիմակավորված տղամարդը մտել է մի կնոջ տուն, հարձակվել տանտիրուհու վրա, ձեռքերով հարվածներ հասցրել նրա դեմքին ու հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 4 միլիոն 200 հազար դրամից ավելի գումար. նա ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունը։

Տուժողը 42-ամյա կին էր։

Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվեց, որ տուժողի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։

Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ ավազակությունը կատարել է Ստեփանավանում բնակվող 40-ամյա մի տղամարդ։ Նա կնոջը ծեծելուց եւ փողերը հափշտակելուց  հետո իր «Ժիգուլիով» ուղեւորվել էր Երեւան եւ 800 հազար դրամը գերազանցող պարտքը վերադարձրել։

Քրեական հետախույզները 40-ամյա տղամարդուն Ստեփանավանի Բաղրամյան փողոցից բերման ենթարկեցին բաժին, ապա ներկայացրին քննչական մարմնին։ Նա ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։