ԱԺ հատուկ նիստում ելույթի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց մի քանի հարցեր, որոնք իրեն ուղղել են քաղաքացիները, ապա կարդաց քաղաքացիների նամակներից որոշ հատվածներ:

Նա ընդգծեց, որ բաց է մնում չգրանցված, օրավարձով աշխատողների հարցը. «Այս հարցն իսկապես հրատապ լուծում է պահանջում։ Քաղաքացին ասում է՝ ես չունեմ երեխա, չգրանցված օրավարձով աշխատող եմ, բայց ես եւս ուտել եմ ուզում, հիմա ի՞նչ պետք է անեմ ես, երբ ձեր նշած կայքում լրացնում եմ եւ ասում են, որ դուք որեւէ սոցիալական խմբում չկաք եւ չեք կարող որեւէ ծրագրի շահառու լինել»,- ասաց նա:

Զոհրաբյանն ընդգծեց՝ խնդիրը լուրջ է, եւ մարդիկ պետք է կարողանան օգտվել նվազագույն ծրագրերից, որովհետեւ մեզնից որեւէ մեկը չի կարող կանխատեսել, թե մեկ կամ երկու շաբաթ հետո կորոնավիրուսի հետ կապված ինչպիսի իրավիճակ կունենանք:

Այդ ընթացքում Նաիրք Զոհրաբյանի հեռախոսը զնգաց եւ նա ծիծաղելով ասաց. «Պարոն Միքայելյան մի զանգահարեք, դուք զանգահարում եք ու ինձ խանգարում եք»:

Նա հավելեց, որ իրեն դիմել են գյուղատնտեսական վարկերի համար դիմած մարդիկ, որոնք գերազանց վարկային պատմություն ունեցողներ են։ «Պարոն պարետն ասում է՝ օնլայն դիմեք, դիմել ենք, արդեն որքան ժամանակ է՝ մեզ հետ որեւէ մեկը չի կապնվում եւ նույնիսկ արտակարգ, գերազանց վարկային պատմություն ունեցող ֆերմերների զգալի մասը չի կարողանում օգտվել ձեր առաջարկած վարկային արտոնություններից»,- ֆերմերի դիմումից ընթերցեց պատգամավորը:

Նա նշեց, որ բազմաթիվ նամակներ է ստացել նաեւ «վերնիսաժ»-ում աշխատողներից. «Մարդիկ չգիտեն՝ ինչ անել, չգրանցված են եւ որեւէ ծրագրում ներառված չեն, նրանք արդեն 10 օր այդ խնդիրը բարձրացնում են»,- հայտարարեց Զոհրաբյանը:

«Մի լուրջ հարց, պարոն Ավինյան՝ գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ սեզոն է, դիմում են բազմաթիվ մարդիկ, արդեն 40 ֆերմեր դիմել է ինձ, որ գյուղտեխնիկան փչացել է, չենք կարողանում գյուղտեխնիկայի մաս գնել, որովհետեւ շինանյութի խանութները չեն աշխատում: Իրենք լրջագույն խնդիրների առաջ են կանգնած: Սրանք, թվում է, թե մանր հարցեր են, բայց սրանք հարցեր են, որոնք պետք է լինեն ձեր ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը: