Մենք այստեղ չպետք է վրիպենք հաշվարկներում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հակաճգնաժամային 11-րդ ծրագրին, որով պետությունը կփոխհատուցի 10 հազար դրամի սպառած գազի եւ 5 հազար դրամի սպառած էլեկտրաէներգիայի վճարների կեսը:
« Շատ մեծահարուստներ կան, որոնք ունեն ամառանոցներ եւ նրանք տարվա մեջ մեկ-երկու անգամ են գնում իրենց այդ տները եւ չեն սպառում 5 հազար դրամից ավելի լույս, կամ 10 հազար դրամից էլ ավելի գազ, այնպես չլինի, որ այդ խավը եւս ստանա արտոնություն: Ես բերում եմ իմ աղջկա օրինակը. նա ունի գյուղական տուն եւ տարվա մեջ այդքան չի սպառում, եւ ես չեմ ցանկանա, որ ինքը եւս պատահաբար ինչպես նաեւ նման շատ մարդիկ, ներառվեն այդ ցուցակում»,- հայտարարեց Զոհրաբյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ բազմաթիվ նամակներ է ստանում կալանավորների, դատապարտյալների հարազատներից. «Այո, հիմա սննդի որակը բարվոք է, բայց նշում են, որ չի բավականացնում: Ասում են՝ հնարավո՞ր է քննարկել տարբերակ, թույլ տալու որոշակի առաքման սիստեմով սնունդ պատվիրել, կամ ընտանիքներին թույլատրվի գոնե հագուստ հասցվի նրանց»:











