Արարատի մարզի Տափկերան համայնքում ապրիլի 12-ին տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով սպանվել է 43-ամյա տղամարդ. ձերբակալվել է 25-ամյա Տափկերանի բնակիչ։ ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունը հայտնում է, երբ շտապօգնության խումբը կանչով մեկնել էր Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցի տներից մեկը, տղամարդը դեռ ողջ էր. մահացավ հիվանդանոցի ճանապարհին։

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։

Տափերական գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին կրակոցներ։ Հրազենային վնասվածք ստացած տղամարդուն ընկերները հիվանդանոց հասցնելու փոխարեն տարել էին Արտաշատ՝ ազգականի տուն, որտեղ փորձել էին, այսպես ասած՝ տնային պայմաններում դադարեցնել արնահոսությունը։ Որոշ ժամանակ անց տեսնելով, որ արնահոսությունը չի դադարում, զանգել էին շտապօգնություն, բայց հիվանդանոց չհասած՝ տղամարդը մահացել էր։ Դեպքի վայրում՝ Տափերական գյուղի համայնքապետարանի մոտ, իրավապահները հայտնաբերեցին ատրճանակի կոթի դետալ, կրակված պարկուճներ, գնդակ, արնանման հետքեր եւ այլն։ Մարզի քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով հայտնաբերեցին նաեւ կասկածվողին։ Տափերականի 25-ամյա բնակիչը հենց Տափերականից բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվեց Արարատի մարզային քննչական վարչություն ու ձերբակալվեց։

Ի դեպ, նշված միջադեպի մասնակիցներից մեկն էլ դանակահարված վիճակում տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են՝ դեպքի հանգամանքները պարզելու եւ հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։