Ամբողջ կրթական համակարգում խուճապ է առաջացել եւ բոլոր դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները բարձրաձայնում են այս մասին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16–ի, ԱԺ–ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության երեկվա հայտարարությանը, որ 2019–2020 թվականի 2–րդ կիսամյակի գնահատականները պետք է անցկացվեն էլեկտրոնայնին մատյաններ եւ այն պետք է արվի մինչեւ ապրիլի 20–ը։

«Աշխատակիցներն ասում են, որ դա իրապես հնարավոր չէ եւ ես, որպես կրթության ոլորտի մարդ, որ այդքան տարիներ աշխատել եմ, կարող եմ փաստել, որ 1 կամ 2 օրում հնարավոր չէ այդքան ծավալուն գործընթացը կազմակերպել»,– ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ ինքը կապ է հաստատել նախարարության աշխատակիցների հետ. «Պատասխան եկավ, որ սա ընդամենը 1 օրվա գործ է եւ 1 մարդու անելիք։ Նախարարության հարգելի աշխատակիցներ դա այդպես չէ եւ եթե դուք չեք պատկերացնում թե որքան ծանրաբեռնվածություն կա, ապա կխնդրեմ, եթե հրատապ հարցեր կան, ապա գոնե 10 օր շուտ նմանատիպ առաջարկներն անեք, որովհետեւ առանց այն էլ այսօր հեռավար կրթության արդյունքում բավականին ծանրաբեռնված են ուսուցիչները եւ հնարավորություն չկա մեկ անգամ եւս ծանրաբեռնելու։ Ամենացավալին այն է, որ այս գործընթացը շղթայական խնդիր է առաջացնելու։ Նախարարության հրամանը պետք է գնա կրթության վարչություն, վարչությունից ստիպելու են տնօրենին, տնօրենը ստիպելու է ուսուցչին եւ կարծես մենք մարդկանց մոտ նորից այդ վախի մթնոլորտն ենք ստեղծելու կարճ ժամանակում մեծ ծանրաբեռնվածություն ավելացնելով»։