Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստում հարցերի պատասխանելու համար Ազգային ժողով ժամանած Սերժ Սարգսյանը, դիմելով լրագրողներին, հավաստիացրել է, թե ինքն ավելի շատ է շահագրգռված շփվելու լրատվամիջոցների հետ այն պարզ պատճառով, որ ոչինչ չունի թաքցնելու:  Այլ հարցերի երրորդ նախագահը  չի պատասխանել, նշել է միայն, որ այդ պահին իր գրասենյակը հայտարարություն է տարածելու:

Ըստ այդ հայտարարության, նախագահ Սարգսյանը համաձայնել է մասնակցել այդ լսումներին, քանի որ իր պարտքն է համարում փակել ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված շահարկումների թեման: «2016-ի ապրիլին մեր տղաներն առանձնակի արիությամբ են մարտնչել: Հողը արյունով են պահում: Ինքս էլ հարցեր ունեմ պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի եւ մի շարք այլ թեմաներով», գրավոր խոսքում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը մեզ չի կարող հարցեր տալ, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է, ընդմիջումներից մեկի ժամանակ լրագրողներին ասել է  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:  Անդրանիկ Քոչարյանը հավելել է, որ չեն եղել հարցեր, որոնց Սերժ Սարգսյանը չի պատասխանել:

Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր, գրեթե 7 ժամ տեւած նիստից հետո հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, նիստն ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում:  Հարցերին արձագանքելով, Սերժ Սարգսյանն ասել է, որ չի ներքաշվելու հարցուպատասխանի մեջ, ավելացրել, որ տուրք չի տալիս դավադրությունների տեսություններին, խոհուրդ է տվել դրանցով չառաջնորդվել, ամեն կարդացածի չհավատալ. Մենք ունենք թշնամիներ, բայց ունենք նաեւ բազմաթիվ բարեկամներ

Ապրիլի 16-ին՝ ժամը 11-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք է գրանցվել: Հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով՝ ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 1159 դեպք: Ապաքինվել է 358 անձ, 18 պացիենտ մահացել է:

Քանի որ վերջին մեկ օրում 13-ով ավելի շատ մարդ է առողջացել, քան վարակվել, կարող ենք ասել, որ օրը դրական բալանսով ենք փակել, կառավարության նիստում նշել է  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ընդհանուր առմամբ համաճարակի մեր կորը կառավարելիության տիրույթում է, բայց եթե մենք շարունակենք մեր այն վերաբերմունքը, որ շատ հաճախ տեսնում ենք մեր իրականության մեջ, կարող ենք իսկապես ունենալ համաճարակի  նոր բռնկում, ասել է Նիկոլ Փաշինյանը եւ ներկայացրել  Արարատի մարզի Նորաշեն գյուղի դեպքի մանրամասները.

Նույն նիստին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ երեկ Հայաստան են բերվել 100 հազար թեստերի ռեագենտներ, դրանք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին: Հայաստանում թոքերի արհեստական շրչառության սարքեր արտադրելու հեռանկարին մասին  փոխվարչապետը նշել է, որ արդեն իսկ սկսվելու է ՊՇՌ թեստերի արտադրությունը: Ծախսն արդարացված է, ասել է Ավինյանը, ինչին Նիկոլ Փաշինյանը կատակով է արձագանքել:

Կառավարությունը նաեւ հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 13-րդ միջոցառումը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով, նպատակը սոցիալապես անապահով ընտանիքներին օժանդակելն է:

Հայաստանի մի խումբ քաղաքացիներ շարունակում են գտնվել «Դոմոդեդովո» օդանավակայանում եւ նրանց հետ տեսակապի միջոցով նորից շփվել է Մոսկվայում Հայաստանի դեսպանը։ «Չնայած մեր հորդորներին և հյուրատներում տեղավորելու առաջարկներին՝ քաղաքացիների մեծ մասը նախընտրում է մնալ օդանավակայանում», հայտարարել է դեսպանությունը եւ շնորհակալություն հայտնել համայնքային կառույցներին այնտեղ գտնվող քաղաքացիներին աջակցելու համար։

Այս պահի դրությամբ Հայաստանի բանկերն աշխատում են ծայրահեղ գերծանրաբեռնվածության  պայմաններում, աշխատակիցներից շատերն աշխատում են տնից, Ազգային ժողովի նիստին ասել է Կենտրոնական բանկի ղեկավարի միակ թեկնածու Մարտին Գալստյանը` արձագանքելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝  գյուղվարկերի ուշավման մտահոգությանը:

31-ամյա երիտասարդը փորրձել է իրեն ցած նետել Հաղթանակի կամրջից, տեղեկացնում են ԱԻՆ-ից։ Ահազանգը ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է կեսգիշերին: Դեպքի վայր փրկարարներ են շտապել, սակայն արգելապատնեշի մյուս կողմն անցած Վաղարշակի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.55 դրամով ու  կազմել 484.57 դրամ:  Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.74 դրամով ու կազմել  526.78 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.07 դրամով  ու կազմել 604.55 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով ու կազմել 6.54 դրամ։

Հայաստանում ապրիլի 17-ի սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին կբարձրանա 3-4 աստիճանով: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի  +6+8, վաղը ցերեկը՝ +20+22: