Մենք բոլոր գործարարների հետ լավ ենք, որոնք աշխատում են ՀՀ օրենքների սահմաններում՝ ոչ մի սեւ հաշվապահություն եւ կանոնավոր վճարված հարկեր: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ նոր իշխանությունը լավ է գործարար Սամվել Ալեքսանյանի հետ:
«Նույնիսկ հազար անգամ ասել ենք, որ եթե կլինի որեւէ մեկը, որ նախկին խաղի կանոնների պայմաններում օրենք է խախտել եւ ինչ-որ ձեւով կուտակել է ապօրինի հարստություն, կգա կասի՝ այդպես է եղել ընդունված, մեզ մի դատեք, մենք այսքան յուրացրել ենք ապօրինի ձեւով, վերցրեք դա եւ թողեք մենք աշխատենք, այդ հնարավորությունը կտրվի: Ոչ մի մութ, ոչ մի անդրկուլիսային պայմանավորվածություն չի լինելու: Հլա դա էլ պետք է քննարկել, որ պայմանական 1 մլրդ-ից 800 մլն-ը հետ տան նորմալ է, թե՞ 700-ը, թե 990-ը»,-ասաց ԱԺ նախագահը:
«Ով կգա կասի՝ ես նոր Հայաստանի կանոններով եմ ապրելու եւ գործելու, մենք խնդիր չունենք ոչնչացնելու որեւէ գործարարի կամ քաղաքական գործչի»,-ընդգծեց նա:











