Ռուսաստանն առաջ է մղում ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը: Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումներն ակտիվորեն քննարկվում են, դրանց ստորագրումը կարեւոր քայլ կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի իրականացման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Կան մադրիդյան սկզբունքները, կա Կազանյան փաստաթուղթը եւ այդ փաստաթղթերը «փուլային մոտեցման հիման վրա կարգավորմանը հասնել են նշանակում` առաջին փուլում ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաշրջափակում», ասել է նա եւ համոզմունք հայտնել, որ կողմերը կհանգեն այդ փաստաթղթերը ստորագրելու որոշմանը:

Փուլային տարբերակը քննարկվել է 2014 եւ 2016 թվականներին, եւ այն անընդունելի է հայկական կողմի համար, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է  արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: «2018-ին բանակցություններ են անցկացվել առանձին տարրերի հարցով կողմերի մոտեցումների շուրջ: 2014-ին առաջարկված տարբերակը բանակցությունների սեղանին չէ», ասել է նախարարը:  Մնացականյանը հիշեցրել է, որ Հայաստանն իր մասով է մասնակցում  բանակցություններին եւ պատասխանատվություն կրում, սակայն մանդատ չունի Արցախի ժողովրդից, բայց հայկական կողմը վճռականորեն կպաշտպանի Արցախի անվտանգությունը, ասել է արտգործնախարարը:

Այսօր Արցախի Պաշտպանության Բանակի հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարքի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են մարտական պատրաստականության և ժամը 13-ն անց 7-ին խոցել այն: Արցախի  պաշտպանության նախարարությունը դարձյալ հորդորել է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից ու հավաստիացրել, որ ցանկացած նախահարձակ գործողություն ստանալու է արժանի պատասխան:

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել եւ  Արցախի Հանրապետության նախագահ ընտրված համարել Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին: ԿԸՀ-ն արձագնագրել է, որ տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողներին հայտնել է, որ արդեն այսօրվանից անվտանգության նկատառումներով փակվել է դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող տարածքը: Միջոցառումներն, ըստ նրա, կսկսվեն ապրիլի 23-ից ժամը 21-ից: Զանգերի ղողանջի ներքո կմարվի փողոցների լուսավորությունը: Իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում անջատել տան լույսերը, միացնել բջջային հեռախոսների լապտերները:

Հայաստանում կորոնավիրուսից եւս 2 մարդ է մահացել, վարակվածների  թիվն անցել 1400-ից: Ապրիլի 21-ին՝ ժամը 11-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է գրանցվել: Հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով՝ վարակվածների թիվը հասել է 1401-ի: Փաստացի այս պահին բուժվում է 768 մարդ, ապաքինվել 609-ը, 24 պացիենտ մահացել է:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա ՆիկողոսյանըՖեյսբուքում գրել է, որ անցնող օրվա ընթացքում ունեցել ենք 29 առողջացածներ։Ըստ նրա՝ մահացածները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Երեկ գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս են հանել այնտեղ գիշերող հայերին: Օդանավակայանում բնակվող հայերից մեկի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ իրենց, ախտահանման պատրվակով օդանավակայանի տնօրինությունն է տարհանել:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ընդունել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հրաժարականը եւ պաշտոնակատար նշանակել ընկերության ստեղծագործական հարցերով փոխտնօրեն Արմեն Սարգսյանին։ Իրենց դիմումներով ազատվել են նաեւ լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը եւ հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։ Հիշեցնեմ, որ ազատումները պայմանավորված են ապրիլի 17-ին վարչապետ Փաշինյանի՝ ուղերձին նախորդած կադրերի հրապարկմամբ:

Իսկ Փաշինյանի ապրիլի 20-ի տեսաուղերձին արձագանքել է Մայր Աթոռը: Վարչապետը հայ հոգեւորականների մասին նշել էր, թե նրանք պետք է զբաղվեն միայն հոգեւոր հարցերով, հընթացս, ինչպես ասված է Մայր աթոռի հայտարարությունում, որակումներ ու գնահատականներ հնչեցնելով նրանց գործունեության վերաբերյալ։ «Այս օրերին, երբ մեր ժողովուրդը պատրաստվում է աղոթքով իր խոնարհումը բերել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, չհամաձայնելով այդ գնահատականներին ու արտահայտված տեսակետներին, այս պահին ձեռնպահ է մնում դրանց անդրադառնալուց։ Նորին Սրբություն Գարեգին Երկրորդի հայրական հորդորն է՝ զերծ մնալ հակառակություններից ու շահարկումներից և սիրո, համերաշխության ու միաբանության ոգով հայցել բարեխոսությունը մեր սուրբ նահատակների», ասված է հայտարարությունում:

Նոր կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվել, եւ հիմա կան այդ վիրուսի նվազագույնը 30 տարբեր շտամներ, ինչը կարող է զգալիորեն դժվարեցնել համավարակի տարածման դեմ պայքարը, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Չժենցզյանի համալսարանի գիտնականների հետազոտությունը: Ըստ նրանց՝ Չինաստանում հայտնաբերված շտամները համարվում են ամենավտանգավորներից մեկը, դրանք նման Եվրոպայում տարածվածին: Իսկ ԱՄՆ-ում մարդիկ մեծ մասամբ վարակվում են վիրուսի ավելի թույլ տարբերակներով:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.65 դրամով  ու  կազմել 480.87 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.96 դրամով ու  կազմել  520.93 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 8.31 դրամով ու կազմել 593.49 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.21 դրամով ու կազմել 6.28 դրամ։

Ապրիլի 22-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ հնարավոր են ամպրոպ եւ կարկուտ: Երեւանում եւս կլինեն անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +8+10, վաղը ցերեկը՝ +19+21։