Ծիծեռնակաբերդ տանող մուտքի մոտ մի խումբ քաղաքացիներ Արայիկ Խանդոյանի եղբայր՝ Արարատ Խանդոյանի գլխավորությամբ  փորձել են բարձրանալ Ծիծեռնակաբարդի հուշահամալիր, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել:

Խանդոյանը ոստիկանների հետ զրույցում հարց բարձրացրեց, թե ինչու պետք է վարչապետը կարողանա այցելել Ծիծեռնակաբերդ, իրենք ոչ։

«Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող ինչ-որ մեկը Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ ծաղիկներ է խոնարհում: Ես բացատրություն եմ պահանջում, թե ի՞նչ իրավունք ունի ինքը ծաղիկներ խոնարհելու, իսկ քաղաքացիները ոչ: Ոստիկանները փորձում են ինձ ահաբեկել վարչական իրավախախտումների ակտով, բայց դա ինձ չի հուզում:

Եթե ՀՀ բոլոր քաղաքացիներն հավասար են, ես էլ ինձ իրավունք եմ վերապահում մասնակցելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելու միջոցառմանը»,-ասաց Արարատ Խանդոյանը:

Ոստիկանները պարզաբանեցին, որ Խանդոյանը խախտել է արտակարգ դրության իրավական ռեժիմը, հետեւաբարվարչական արձանագրություն է կազմվում:

 «Այն, որ թերթիկում նշված է, որ գնում է հարգանքի տուրք մատուցելու, չի տեղավորվում պարետի ու պարետատան կողմից ներկայացված բացառություններում»,-ասաց ոստիկանության ներկայացուցիչը՝ հավելելով, որ եթե արձանագրություն կազմելուց հետո էլ նա չհեռանա, ապա հարկադրանիք այլ միջոցներ կկիրառվեն՝ ոստիկանության պահանջը չկատարելու համար:

Ի վերջո, վարկանա արձանագրության ակտը կազմվեց, որը Արարատ Խանդոյանը չստորագրեց եւ հրաժարվեց վերցնել:

Նշենք, որ մինչև ապրիլի 25-ի ժամը 23:59-ը ներառյալ անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով ՀՀ ոստիկանությունը փակել է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը։