Ես ուղիղ եթերում տեսա, որ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մանրիկյանը խոսելով Նորքի սրտաբանական հիվանդանոցի մասին, քննադատեց առողջապահության նախարարությանը՝ օգտագործելով «քցոցի» բառը: Այս մասին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է եւ այստեղ էր եկել հատուկ հանդերձանքով ու դիմակով: Նշենք, որ Աշոտ Սարգսյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդականն է եւ լսելով Մանրիկյանի ելույթը ժամանել էր ավագանու նիստին դրան արձագանքելու:
«Պարոն Մանրիկյան ջան, խնդիրն այն է, որ պետական բյուջեն անձնական գրպան չի: Ես կարծում եմ, որ որեւէ ելույթից առաջ պետք է ծանոթանալ, թե ինչ պայմանագրերով է աշխատում պետությունը բժշկական կազմակերպությունների հետ, որից հետո նոր փորձել քննադատել: Նորքի սրտաբանականը 2019-ից գրեթե մեկ մլրդ դրամով ավել բյուջե է ստանում: Եթե պետությունը պատվեր է տալիս ԲԿ-ին, որ կոնկրետ ծավալի աշխատանք։, կատարվում է այդ ծավալի շրջանակում:
Այստեղ քցոցու որեւէ բան չկա: Պայմանագրից դուրս արվել է աշխատանք։, որը մնում է առողջապահության նախարարության ֆինանսական հնարավորության, կարողության վրա: Եթե կա հնարավորությունը, ֆինանսավորում է, եթե չկա, խնդիրն այլ կերպ է լուծվում»,-ասաց նա:
Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Եթե ուզում եք ներկայացնել ձեր, նաեւ առողջապահության նախարարության դիրքորոշումը, պետք է նաեւ ներկա լինեք նիստին, ցավդ տանեմ: Ես հարգում եմ ձեր աշխատանքը, բայց դուք ձեր աշխատանքը թողել-եկել եք, որ այս պատասխանը տաք: Ճիշտ կլիներ ի սկզբանե լիներ նիստին, արտահայտվել այդ ժամանակ»:
Խնդրին անդրադարձավ նաեւ Միքայել Մանրիկյանը՝ նշելով. «Ես գիտեի, որ ցավոտ կլինի այս հարցի քննարկումը առողջապահության նախարարության համար, բայց այս կարգի ցավոտ, որ րոպեների ընթացքում դեսանտ կիջացնի իմ գործընկերոջ գլխավորությամբ, անսպասելի էր:
Կատարվել է աշխատանք, կա չվճարված 170 մլն դրամի պետպատվեր եւ ինչ-որ մեկը սրա համար պետք է պատասխանատվություն կրի՝ անկախ նրանից մեղավորը առողջապահության նախարարությունն է, թե քաղաքապետարանը: Ուրեմն եկեք պարզենք՝ ով է մեղավորը: Մարդիկ կատարել են աշխատանք եւ չեն ստացել վճարներ:»,-հայտարարեց Մանրիկյանը:











