Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանից պահանջում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աչքերին նայելով հայտարարի այն, ինչը քիչ առաջ իր ելույթում հայտարարեց։ Այս մասին Դավոյանն ասաց ԱԺ-ի իր ելույթում։
Նշենք, որ Անի Սամսոնյանը հայտարարել էր, որ Ալեն Սիմոնյանին նույնիսկ սեփական թիմում լուրջ չեն ընդունում, ուր մնաց իրենք ու ժողովուրդը լուրջ ընդունեն:
«Դուք որտեղի՞ց գիտեք, թե ում ոնց են ընդունում, ում մասին ինչ կարծիք ունեն եւ նախեւառաջ լսեք Ձեր մասին կարծիքները եւ հետո նոր Ձեզ իրավունք վերապահեք մի մարդու մասին խոսել, ով դահլիճում չի գտնվում: Ես պահանջում եմ Ձեզնից, որ Դուք նույն բանը կրկնեք Ալեն Սիմոնյանի ներկայությամբ՝ նայելով նրա աչքերին եւ ասեք, թե ումից եք լսել նման կարծիքներ։ Այս դահլիճում այսօր պոպուլիզմի ցերեկույթ էր։ Համաճարակի բռնկման հետ մեկտեղ, «Լուսավոր Հայաստանում» պոպուլիզմի բռնկում սկսեց»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, ասաց, որ խնայողությունները «բարեբախտաբար» չեն արվում, այլ «նպատակաուղղված» Կառավարության կողմից են արվում. «Պարոն Էդմոն Մարուքյանի ելույթը սկսում է՝ այս բառերով «կուշտը սովածին մանր է բրդում»: Դա մե՞զ է ասում, կուշտը մե՞նք էինք, կուշտերի ժամանակ պատգամավոր է եղել, քանի՞ անգամ է նման ելույթ ունեցել, ոչ մի անգամ»։
Արփի Դավոյանն ասաց, որ իրենք էլ են պատասխանում հեռախոսազանգերի, նամակների, իրենց օգնականներն աշխատում են պարետատանը. «Մենք չենք հաշվում զանգերը, չեն ասում, որ հազարավոր քաղաքացիներ են դիմել, քանի որ դա նորմալ է: Ասում եք, որ մարդկանցից գնում քվե եք խնդրում, հիմա էլ վրաները գազ ու լույս եք անջատում: Նախ՝ մենք չենք անջատում: Ես հասկանում եմ, որ բոլորդ ձեր խոսքերում պետք է ասեք այն, ինչ ձեզ պետք է, եւ այստեղ նորից գալիս է հանրաքվեի հարցը, որը ձեզ համար անընդունելի էր: Արդար չէ, պոպուլիզմի մի դիմեք»։











