Գավառի երեկվա միջադեպի հետեւանքով մահացածների մահացու հրազենային վնասվածքները եղել են որովայնի եւ կրծքավանդակի շրջանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գավառի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ Արամ Ավետիսյանը։

«Երեկ երեկոյան ժամը 17։30-ի սահմաններում մեր հիվանդանոց են դիմել մի քանի հրազենային տարբեր բնույթի վնասվածքներով հիվանդներ, կոնկրետ 4 հիվանդ եւ 2 մահացած անձ են տեղափոխել։ Մյուս վիրավորում ստացածների վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ստացել են համապատասխան առաջին բուժօգնություն, վիճակների կայունանալուց հետո տեղափոխվել են Երեւանի տարբեր բուժհաստատություններ»,- ասաց վիրաբուժական բաժնի վարիչը։

Հարցին՝ արդյոք կարո՞ղ է մոտավորապես նշել, թե քանի՞ անձ է մուտք գործել հիվանդանոց, Ավետիսյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, որովհետեւ ես ունեցել են 4 ծանր հիվանդ եւ անձնակազմիս հետ զբաղվել ենք միայն հիվանդների բուժման հարցերով, բայց շատ են եղել»։

Հարցին՝ արդյոք բժշկական անձնակազմը փորձե՞լ է կանգնեցնել քաղաքացիներին, Ավետիսյանն ասաց. «Անձնակազմը չի էլ փորձել կանգնեցնել, քանի որ դա անձնակազմի խնդիրը չէ։ Այստեղ եղել են ոստիկանական ուժեր, որոնք իրականացրել են այդ գործառույթները։ Իմ տվյալներով նրանք որոշակի ժամանակ անց ուղղակի ճեղքել են ոստիկանական պատնեշը եւ մուտք գործել հիվանդանոց»։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 28-ին, Գավառ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել մի խումբ գավառցի երիտասարդների եւ նորատուսցիների միջեւ։ Կրակոցների հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել քննիչ Զորիկ Պարոնիկյանը եւ Նորատուս համայնքի բնակիչ՝ «Նորատուսցի արջ» մականունով երիտասարդը։ Վիրավորում են ստացել եւս 4 քաղաքացի, որոնցից 2-ը տեղափոխվել էին Երեւանի հիվանդանոցներից մեկը, իսկ 2-ը տեղափոխվել էին Գավառի հիվանդանոց։

Սակայն դեպքն այսքանով չի ավարտվել։ Տեղի է ունեցել դաժան վենդետա, եւ դա այն դեպքում, երբ ոստիկանապետ Արման Սարգսյանն անձամբ եղել է դեպքի վայրում, ոստիկանությունը փաստորեն չի կարողացել վերահսկել իրավիճակը։ Դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ ժամանակ հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը, հիվանդանոցում գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։ Դրանից հետո նշված անձինք կարողացել են հեռանալ հիվանդանոցից։ Փաստորեն, ոստիկանները չեն կարողացել ոչ միայն կանխել հանցագործությունը, այլեւ ձերբակալել հանցագործությունը կատարողներին։ Ոստիկանությունը մյուս կողմից հայտարարում է, որ ոստիկանապետը եղել է հնչած կրակոցների դեպքի վայրում՝ Ազատության պողոտայում։ Մեր տեղեկություններով՝ 2 քաղաքացիները, որոնց կոկորդը կտրել են, հարազատ եղբայրներ են. նրանցից մեկի անունը Արմեն է, մյուսինը՝ Խաչիկ։ Վիրավորներից մի քանիսին տեղափոխել են Երեւան, նրանցից մեկի վիճակը մեր տեղեկություններով միջին ծանրության է, մյուս երկուսինը՝ ծայրահեղ ծանր։

Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:

Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։