Այս պահին ես չեմ տեսնում ոստիկանապետի պատասխանատվության հարց, որովհետեւ դեռեւս ուսումնասիրություններ չարած, պրոֆեսիոնալ չի լինի գնահատականներ տալը: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Պետք է հասկանալ, թե ով որտեղ է թերացել կամ ով ինչ է ձեռնարկել եւ ինչ է կանխվել այդ գործողությունների շնորհիվ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հնչում են ոստիկանապետի հրաժարականի պահանջներ, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Նախ պետք է քրեաիրավական գնահատական կտրվի հանցավոր դրսեւորումներ ունեցած բոլոր անձանց գործողություններին: Հանցագործություն կատարած բոլոր անձինք պետք է պատժվեն՝ կլինի մեկ հոգի, թե 100, թե 500: Բոլորին պետք է բերել քրեաիրավական դաշտ եւ գնահատական տալ: Իհարկե, պետք է գնահատական տալ նաեւ ոստիկանության գործողություններին, բայց դա լրատվամիջոցների տեղեկատվության հիման վրա չէ, որ պետք է այդ գնահատականը տրվի:

Այս պահին միայն ուզում եմ մեր զորակցությունը հայտնել մեր բոլորի ոստիկանությանը, որովհետեւ ոստիկանությունը դեռ ամիսներ առաջվանից իր ծառայությունն իրականացնում է գերծանրաբեռնված ռեժիմով՝ կապված կորոնավիրուսի հետ:

Ես կանխատեսում եմ, որ ոստիկանությունն իր օրինական գործողությունների ընթացքում կլինեն լրատվամիջոցների հրապարակումներ, որ բռնություններ են գործադրվում, անհամաչափ միջոցներ են ձեռնարկում: Բայց ոստիկանությունն անելու է ամեն ինչ, որ բոլորին ի հայտ բերի եւ պատասխանատվության ենթարկի»,-ընդգծեց Արմեն Խաչատրյանը: