Իմ տեղեկություններով Գավառի հիվանդանոցում հարձակվողների թիվը եղել է մի քանի 100, իսկ միջադեպի ծնող պատճառների մասին հարցերի պատասխանը կտա քննությունը, հետագայում պարզ կդառնա, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, ով ինչ դերակատարում է ունեցել այդ հանցավոր դրսեւորումների մեջ: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նա համաձայնեց, որ ոստիկանության աշխատանքը պետք է ավելի թափանցիկ լինի. «Սակայն պետք է հաշվի առնել նաեւ գործի քննության շահերը, հետագա զարգացումները կանխելու, հանցավոր դրսեւորումները կանխարգելելու ոստիկանության ձեռնարկած միջոցառումները: Կարծում եմ՝ որոշակի առումով, լրատվական պասիվությունը պայմանավորված է եղել դրանով, որպեսզի նոր կրքեր չբորբոքվեն, նոր զոհեր, վիրավորները չլինեն, բախումներ տեղի չունենան: Այս առումով ոստիկանությունը նաեւ օպերատիվ-տակտիկական միջոցառումներ է ձեռնարկել, եւ գուցե պետք չի եղել այդքան լուսաբանել»,-ասաց Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ այս պահին կա այն փաստական հանգամանքը, որ ունենք 2 զոհ եւ մի քանի վիրավոր, իսկ հիվանդանոց ներխուժած անձանց գործողություննների հետեւանքով մարդ չի սպանվել:











