Լավ բան տեղի չունեցավ, բայց խնդրում եմ՝ դուք ինքներդ նայեք, թե ինչից այս ամենը սկսվեց. Ձայնագրությունը կա, ինքներդ նայեք, տեսեք ինչից սկսվեց, ով անցավ անձնական վիրավորանքների եւ ով սադրեց այս միջադեպը: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին:
«Ամեն դեպքում՝ ես մեր հայրենակիցներից ներողություն եմ խնդրում այս միջադեպի համար»,-ասաց Թունյանը:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան եւ իսկական ծեծկռտուք սկսվեց նիստերի դահլիճում: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Էդմոն Մարուքյանը իր ելույթում անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանին, ասաց. «Շատ ափսոսում եմ այն մի քանի վայրկյանը, որ պետք է անդրադառնամ ձեզ: Ասում ենք, որ մեզ զանգում են էս-էս հարցերով, գալիս եք մեծախոս ձեւի, ամբարտավանությամբ ամբիոնից ասում եք՝ սուտ են խոսում, ոչ մեկին չեն զանգում, սա էլ իմ համարն է: Դրանից հետո 120 զանգ ես ստանում, ասում ես՝ «Լուսավոր Հայաստանն» է համարս տվե՞լ: Մեծ մարդ ես: Որ ամբիոնից ասում ես սրիկա, ես չեմ ասում, որ ինձ վրա եմ վերցնում, բայց դա լարվածություն է առաջացնում: Մի արեք տենց բաներ»:
Հենց դրանից հետո էլ տեղից «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը սկսեց գբղավել, Մարուքյանն իջավ եւ ծեծկռտուք սկսվեց: Սասուն Միքայելյանը բռունցքներով հարձակվեց Մարուքյանի վրա: Այդ ընթացքում Մարուքյանին հարվածներ հասցրին նաեւ «Իմ քայլից» Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը:











