Արտակարգ դրությունը երկարացվում է, որովհետեւ այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար միայն հնարավոր է այս պահի դրությամբ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Սահմանվում է արտակարգ դրության իրավական ռեժիմով մի շարք գործողություններ. մեկուսացում, ինքնամեկուսացում, անձնական ազատության սահմանափակումները եւ հստակ կանոնկարգում է պահանջվում, կոնկրետացվել են պարետի գործառույթները, որպեսզի ավելի էֆեկտիվ որոշումներ հնարավոր լինի կայացնել»,- ասաց նախարարը։

Բադասյանը հայտնեց, որ ազատ տեղաշարժի սահմանափակումները կարող են պայմանով կիրառվել. «Օրինակ՝ թույլատրվի որոշ վարչական շրջանի շրջանակներում ազատ տեղաշարժը բացառապես որոշակի պայմաններ պահպանելու նկատառումներով։ Եթե ինչ-որ փուլում հանրային տրանսպորտը սկսի աշխատել, ապա տրանսպորտից օգտվել միայն դիմակների օգտագործմամբ։ Հանրային սննդի ծառայություններ մատուցելիս պարտադիր որոշակի պայմաններ ապահովել։ Պարետը հնարավորություն է ունենալու հստակ սահմանել որոշակի վարքագծի կանոններ, որոնք պարտադիր պետք է ապահովվեն ազատ տեղաշարժի սահմանափակման կամ թույլ տրված ազատ տեղաշարժի շրջանակներում»։