Չինաստանում 4 գլխավոր անապատներից Մու-Ուս անապատը հյուսիսարեւմտյան Շենսի նահանգի քարտեզից անհետացել է, քանի որ 93,24 տոկոսով ամայացած հողը կանաչել է, փոխանցում է «Պոպուլյարնայա մեխանիկան»:

Անապատը զբաղեցնում էր 42 200 քառակուսի կիլոմետր մակերես: Նախկինում սա կյանքից զուրկ հող էր՝ առանց ծառերի եւ գյուղատնտեսական հանդերի: Մու-Ուսից եկող քամիների եւ ավազե մրրիկների պատճառով Յույլին քաղաքը, որը տեղակայված էր անապատի եզրին, երեք անգամ հարավ էր տեղաշարժվել:

1959 թվականից տեղացիները ծառեր են տնկել՝ ավազե մրրիկների ներխուժումը զսպելու համար: Բազմամյա ջանքերը կանաչ հատվածը մինչեւ 400 կմ ընդարձակել են դեպի հյուսիս:

«Ասելով, որ անապատը քարտեզի վրայից անհետացել է՝ նկատի ունենք, որ այսօրվա դրությամբ անհետացել է ամայացած հողը: Եթե մեր ջանքերը շարունակենք, ապա մակերեսի տեղաշարժվող ավազաբլուրներով մնացյալ մոտ 30 հազար հեկտարը եւս կանհետանա»,- ասել է Շենսի նահանգի անտառային բյուրոյի ղեկավար Դան Շուանժենը:

1950-ական թվականներին Յույլին քաղաքում անտառային ծածկույթի մակարդակը կազմում էր ընդամենը 0,9 տոկոս, բայց հիմա հասել է 33 տոկոսի:

Հիմա տեղի բնակիչները ամեն ջանք գործադրում են, որ լրացնեն COVID-19 համավարակի պատճառով կորցրած ժամանակը: Նրանք նախատեսում են մինչեւ մայիսի վերջը ծառեր տնկել 400 հեկտար ավազե հողում:

Անապատի կանաչելը  հանգեցրել է ոչ միայն ավազե մրրիկների խնդրի լուծմանը, այլեւ տրամադրում է տարածաշրջանի համալիր զարգացում:

Հիմա տեղանքը կարող է արտադրել ավելի քան 1000 կգ պարենային ընդեղեն, նախկինում թվերը տատանվում էին 100-ից մինչեւ 150 կգ-ի սահմաններում: Անցյալում մեկ շնչին ընկնող եկամուտը կազմում էր ընդամենը 200 - 300 յուան (30 - 40 դոլար), բայց հիմա գերազանցում է 30 հազար յուանը (4 200 դոլար), այս մասին հայտնում է Շիլիշա, Դինբյան գյուղի կուսկոմի քարտուղար Շի Գուանյինը: