2020 թվականին տնտեսական աճը ոչ թե զրոյական է լինելու, այլ անկում ենք արձանագրելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Դա արդեն կար կառավարության գնահատականում, երբ բյուջեի մասին օրենքի փոփոխությունը բերվեց խորհրդարան: Այնտեղ երկու տոկոս տնտեսական անկման մասին էր խոսքը:

Այդ պայմաններում բնականաբար, մենք ենթադրում ենք, որ պետք է առավելագույն չափով մեր թիրախային աջակցության ուժով կազմակերպությունները կարողանան հաղթահարել նվազագույն կորուստներով: Բայց օբյեկտիվ է իրականությունը եւ առանց կորուստների հնարավոր չէ այս ամենից դուրս գալ: Շատ կարեւոր է, որ տնտեսվարողները կարողանան պահպանել իրենց պոտենցիալը»,-ասաց նախարարը:

Հարցին, թե կա՞ն ճյուղեր, որ դժվար կլինի վնասը վերականգնել կամ կփակվեն, Խաչատրյանը պատասխանեց. «Գուցե կլինեն  այդպիսի կազմակերպություններ, բայց ոչ ոլորտներ:

Ամենամեծ դժվարությունները զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունների առջեւ են: Բայց այնտեղ էլ կան  կազմակերպություններ, որ ավելի ճկուն են եւ ավելի արագ կարող են հաղթահարել դժվարությունները: Երբ Հայաստանը նորից կբացվի միջազգային զբոսաշրջության առջեւ, իրենք կարող են իրենց ստեղծագործ առաջարկներով ներգրավել մարդկանց դեպի Հայաստան»: