NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ազատ են արձակվել «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը, ՀՀԿ երիթեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Վարչական արձանագրություն կազմեցինք, որ պարետի պահանջը մենք չենք կատարել։ Դիմակներն էլ էինք կրում, սոցիալական հեռավորությունն էլ էինք պահում։ Մի շարք խախտումներ են եղել ոստիկանների կողմից, այդ թվում՝ իր լիազորությունները կատարելիս փաստաբան է բերման ենթարկվել, որն այդ պահին շփվում էր ոստիկանության ներկայացուցչի հետ։ Խիսը ընտրողական մոտեցում է ցուցաբերվում ռեպրեսիվ մեխանիզմների կիրառության հարցում։ Տղա՞ ա Նիկոլը, թող գնա երեկ չէ առաջին օրվա տրանսներին բռնի, ծեփի ասֆալտին, բերման ենթարկի, թե՞ տղերքից ով յուբկա չի հասնում, բոլոր օրենքներին ենթակա ա, մնացածը՝ չէ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Հայկ Մամիջանյանը անտրամաբանական համարեց ոստիկանության գործողությունները, նրա խոսքով՝ ոստիկանները պարզպես սպասել են Նիկոլ Փաշինյանի հրամանին, որ իրենց բերման ենթարկեն։

«Բերման ենթարկելուց երեք հոգի էին, հետո 20, հիմա անգամ այստեղ ավելի շատ մարդ կա, բայց բերման չեն ենթարկում։ Ոստիկանները գերի են ընկել վարչական ռեժիմի անօրեն գործողություններին։ Ինչպես եւ ես ասում էի՝ սպասեցին՝ մինչեւ Փաշինյանը խոսի, վերջացնի, եւ ստանան մեզ բերման ենթարկելու ցուցումը»,- ասաց նա։

Նարեկ Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ըստ իրեն՝ հիմանվոր պատճառ չկար բերման ենթարկելու եւ այդ արվել է միայն Նիկոլ Փաշինյանի հրամանից հետո։

«Շուտ պետք է անեին, նոր արեցին, որովհետեւ երբ նոր էինք եկել, Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունենում, հետո ավարտեց, համաձայնեցրին Նիկոլ Փաշինյանի հետ, տվեց մեզ բերման ենթարկելու հրամանը, ոնց բերման ենթարկեցին, տենց էլ բաց թողեցին։ Հերթական անգամ ապացուցվում է, որ արտակարգ դրությունը այս իշխանությունները երկարացնում են ընդդիմախոսների միջոցառումները խանգարելու համար»,- ասաց նա։

Գործիչները նշեցին, որ, իրենց տեղեկություններով, բերման ենթարկվածները բոլորն ազատ են արձակվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի տասնյակ քաղաքացի է բերման ենթարկվել Արաբկիրի ոստիկանության բաժնի մոտից։ Նրանք այնտեղ էին հավաքվել՝ իրենց աջակցությունը ցույց տալու այն իրավաբաններին, որոնք ավելի վաղ ԱԺ-ի մոտից էին բերման ենթարկվել ակցիա իրականացնելու ժամանակ։ Բերման ենթարկվածների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ բերման էին ենթարկվել Ռուբեն Մելիքյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Արմեն Գալստյանը, Բաբկեն Հարությունյանը։ Նրանք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։

Իրավաբանները կանգնած էին միմյանցից սոցիալական հեռավորության վրա, անցկացնում էին, իրենց խոսքով, միայնակ ակցիաներ, և ընդգծում, որ չեն խախտում պարետի սահմանած որևէ սահմանափակում։ Այնուամենայնիվ, ոստիկանները պնդեցին, որ դա հավաքների արգելման խախտում է եւ բերման ենթարկեցին նրանց։ 

Այսօր ԱԺ–ն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրությունը մեկ ամսով՝ 30 օրով, երկարաձգելու կառավարության որոշումը։ Իրավաբանները նրանց կոչ էին անում քննարկման ընթացքում ներկայացնել հավաքների սահմանափակումները վերացնելու պահանջ։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտակարգ դրություն է հաստատվել մարտի 16-ից՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված եւ ըստ պարետի որոշման՝ այս ընթացքում արգելվում են բոլոր տիպի հավաքները։

Ոստիկանները բերման ենթարկեցին մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ Արսեն Բաբայանին, Արթուր Դանիելյանին (ֆոտո)