2017 թվականի ընտրակաշառքի վերաբերյալ  քրեական գործով կան 2 ձերբակալվածներ, կասկածյալի կարգավիճակում ունենք բազմաթիվ անձանց կողմից տրված ցուցմունքներ։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Այնուամենայնիվ չի ստացվում չքաղաքականացնել, որովհետեւ փետրվարից մինչեւ հիմա ացել է 4 ամիս։ Ասացիք, որ երեկ՝ մինչեւ ուշ ժամ ապացույցներ էր ձեռք բերվում։ Որեւէ անձ ցուցմունք տվե՞լ է, որ Գագիկ Ծառուկյանը գումար է տվել այսինչ նպատակով։ Գագիկ Ծառուկյանին երբ հարցաքննել էին, այդ թեմայի շուրջ խոսե՞լ են եւ կա՞ պատասխան, թե՞ ոչ։ Ասացիք՝ բազմաթիվ մարդկանց վկայություններ կան։ Այդ մարդկանցից կալանավորվածեր կա՞ն»,- հարցրեց Մելքումյանը։

Արթուր Դավթյանն ասաց. «Այս քրեական գործով կան 2 ձերբակալվածներ, կասկածյալի կարգավիճակում ունենք բազմաթիվ անձանց կողմից տրված ցուցմունքներ։ Հաստատում եմ, որ ուղիղ ցուցմունք կա, որն առնչվում է Գագիկ Ծառուկյանին։

Նախ ընտրությունները խառնված էին՝ մեծամասնականը համամասնականին եւ ապացուցողական բազան գնում է նրան, որ ընտրակաշառքը բաժանվել է հավասարապես. եւ՛ կուսակցության համար, եւ՛ կոնկրետ անձի համար։ Գագիկ Ծառուկյանին հարցաքննելու ենք, բայց հարց է՝ ինչ դատավարական կարգավիճակով պետք է հարցաքննենք։ Եթե այս ապացույցների առկայության պայմաններում, սրանից բխող համապատասխան հարցադրումներն անենք պարոն Ծառուկյանին վկայի կարգավիճակով, որովհետեւ քանի այս համաձայնությունը չի ստացվել եւ մեղադրանք չի առաջադրվել, ապա դա կոպիտ դատավարական խախտում կհամարվեր»։