Կան քննադատություններ, որ համավարակով պայմանավորված մենք արդեն սկսել ենք ծախսել մեր պահուստային ֆոնդից եւ շուտով ունենալու ենք ազգային անվտանգության խնդիր: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում դիմելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Արդյոք Հայաստանը կանգնած է այդպիսի ծայրահեղ խնդրի առջեւ, եւ մենք իսկապես ունենալու ենք ազգային անվտանգության խնդիր»,-հարցրեց պատգամավորը:

Ի պատասխան փոխնախարարն ասաց. «Ճիշտն ասած, ես ազգային անվտանգության խնդիր չեմ տեսնում: Մենք հետեւողականորեն աշխատում ենք եւ բոլոր գնահատումները տարբեր սցենարներով իրականացնում ենք, որպեսզի հասկանանք, թե ֆինանսական կայունությունը երկրում որքանով է ապահովված: Եթե որեւէ ռիսկ տեսնենք, մենք բնականաբար, քայլեր կանենք այս ուղղությամբ: Եթե նկատի ունեք ֆիսկալ անկայունության, բյուջետային միջոցների անբավարարության պայմաններում անվտանգության խնդիրը, ես նման խնդիր չեմ տեսնում»: