Մայրաքաղաքային կենդանաբանական այգուն նվիրված սպիտակ առյուծի շուրջ ստեղծված իրավիճակի եւ խոսակցությունների հետ կապված որոշակի մտահոգություններ կան. այս ամենը կարող է կապված լինել քաղաքական գործընթացների հետ: Այս մասին հունիսի 24-ին Երեւանի ավագանու նիստին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Նա հիշեցրեց, որ առյուծին նվիրել են մինչեւ հայտնի քաղաքական իրադարձությունների տեղի ունենալը, եւ այդ ժամանակ հարցեր չէին առաջանում, բայց հիմա, ինչպես պարզվեց, առյուծը խնդիրներ ունի, եւ միջազգային գործընկերները մտահոգություն են հայտնում:
«Կան տեղեկություններ, որ որոշ մարդիկ ձգտում են առյուծին հեռացնել կենդանաբանական այգուց, տեղեկություններ կան, որ որոշ մարդիկ գումար են վաստակում կենդանիներին բուժման պատրվակով: Չի կարելի այդքան ցածրանալ»,- հավելեց Հռիփսիմե Առաքելյանը:
Նշենք, որ մայիսի 21-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը սպիտակ կենդանուն նվիրել էր Երեւանի կենդանաբանական այգուն:
Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու համար: Հայաստանի Ազգային ժողովը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին զրկել է խորհրդարանական անձեռնմխելիությունից եւ կանաչ լույս է տվել նրա ձերբակալությանը: Հունիսի 21-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ծառուկյանին ձերբակալելու միջնորդությունը:











