Դա եւս շատ կարեւոր ու շատ լավ արձագանք է. դրա ուղերձն այն էր, որ մենք բոլորս զինվոր ենք, եւ մենք անխուսափելիորեն հաջողելու ենք անառիկ պահել մեր սահմանները: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հեր զրույցում ասաց «Իմ քայլի»-ի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե սահմանին տիրող լարվածության պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Արփիի վերաբերյալ տեսանյութ է տարածել, մինչդեռ նրանից որեւէ արձագաննք էին ակնկալում լարված իրավիճակի վերաբերյալ:
«Եթե մանրամասները կհետաքրքրի հերո անպայման կասեմ»,- նշեց պատգամավորը:
Ուլիխանյանն ասաց, որ վարչապետն այսօր նաեւ արձագանքել է կառավարության նիստում: Ինչ վերաբերվում է քաղաքական արձագանքին, պատգամավորն ասաց, որ հենց հիմա էլ դրանով են զբաղված, այդ թվում նաեւ ինքը՝ այս հարցազրույցը տալով:
«Սա է քաղաքական արձագանքը, բայց ուզում եմ կարեւոր մի բան եւս հավելել, որ ՀՀ սահմանային մեկ դիրքի նկատմամբ արկածախնդրությունը չպետք է պարալիզացնի տարբեր գերատեսչությունների աշխատանքը, բոլորը պետք է զբաղվենք իրենց գործերով՝ վստահելով մեր զինված ուժերին, քանի որ այս պահի տվյալներով՝ նրանք իրականացնում են իրենց առջեւ դրված թիվ մեկ նպատակը»,- հավելեց պատգամավորը:











