Ավստրալիայի առողջապահության նախարար Գրեգ Հանթը չի կարողացել միանգամից հագնել  բժշկական դիմակն իր ելույթի ժամանակ, որի ընթացքում Վիկտորիա նահանգի բնակիչներին, որտեղ ակտիվորեն կորոնավիրուս է տարածվում, կոչ է արել դիմակներ կրել։

Հանթի ելույթի տեսանյութը ցուցադրվել է ավստրալական հեռուստաալիքներով, այդ թվում՝ Seven News-ով։

«Ես Վիկտորիայի բնակիչներին կոչ եմ անում՝ եթե դուք հնարավորություն չունեք սոցիալական հեռավորություն պահպանել եւ մոտ եք գտնվում այլ մարդկանց, խնդրում եմ, դիմակ կրեք»,- հայտարարել է Ավստրալիայի առողջապահության նախարարության ղեկավարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այդ խոսքերից հետո նա փորձել է ցույց տալ, թե ինչպես պետք հագնել դիմակը, սակայն փորձն անհաջող էր․ դիմակն ամբողջությամբ փակեց նախարարի աչքերը, նա ստիպված էր կրկին փորձել այն հագնել: Երկրորդ անգամ փորձը հաջող էր, սակայն՝ նույնպես ոչ անմիջապես:

Ավելի վաղ Վիկտորիայի իշխանությունները COVID-19-ով վարակման դեպքերի արագ աճի պատճառով գլխավոր սանիտարական բժշկի առաջարկությամբ հայտարարել էին կարանտինի վերագործարկման մասին: Վեց շաբաթվա ընթացքում Մելբուրնի բնակիչները կկարողանան դուրս գալ տնից միայն մթերային ապրանքներ եւ առաջին անհրաժեշտության իրեր գնելու, օգնություն ստանալու կամ այլոց խնամելու համար: Հնարավոր կլինի նաեւ փողոց դուրս գալ սպորտով զբաղվելու, ուսման կամ աշխատանքի համար, եթե տանը հեռավար կարգով դա անելու հնարավորություն չկա:

Ավստրալիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Ավստրալիայում COVID-19-ով վարակվածների թիվը 9980 է: Ընդ որում, հիվանդների ճնշող մեծամասնությունն արդեն բուժվել է՝ 7769 մարդ, մահացել է 108 մարդ: Երկրում վարակման դեպքերի ամենամեծ թիվը բաժին է ընկնում Վիկտորիա նահանգում՝ 3967 դեպք, այնտեղ մահացել է COVID-19-ով վարակված 24 հիվանդ: