ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի պաշտոնաթող փոխգնդապետ աներոջը ոստիկանը հրավիրել է Ոստիկանության բաժին, սակայն որեւէ հստակ հիմք չի ներկայացրել, թե ինչու պետք է ներկայանա նա բաժին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել եւ տեսանյութ է հրապարակել Ֆարմանյանը։
«Ինձ հանձնարարել են, ես էլ մարդուն հրավիրում եմ»,- ասաց ոստիկանը։
«Ղեկավարության բանավոր հանձնարարությունը բավարար բացատրություն չի քաղաքացու տուն գնալու, քաղաքացուն Ոստիկանություն հրավիրելու եւ նրան հիմնավորում չներկայացնելու, թե դուք ինչու եք հրավիրվում։ Գուցե ձեր վերադասը ոչինչ չի հասկանում մեր օրենսդրությունից եւ ապօրինի հանձնարարություն է ձեզ տվել, դուք ապօրինի հանձնարարություն պիտի կատարե՞ք»,- արձագանքեց Ֆարմանյանը։
Ֆարմանյանն ասաց, որ ոստիկանը գնա իր վերադասին հարցնի, թե ինչ հիմքով պետք է քաղաքացին ներկայանա Ոստիկանության բաժին. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը բազմիցս հայտարարել է, որ Ոստիկանությունն այլեւս նախկինը չէ եւ պետք է գործի օրենքի շրջանակներում։ Ի՞նչ հիմքով է Ոստիկանության աշխատակիցը եկել քաղաքացու բնակարան եւ չի կարողանում պարզ բացատրել ու հիմնավորել, թե ինչու է հրավիրում Ոստիկանություն։ Կգնաք ձեր վերադասներին կասեք օրենքների մի հատ լավ կարդան, մարսեն։ Ոստիկանությունը հանկարծ չդարձնեք ձեր ձեռքին խաղալիք, որովհետեւ Ոստիկանությունում հարյուրավոր պարկեշտ մարդիկ կան ծառայող։ Պարոն մայորը, պարոն Փաշինյան, ձեր անձնական զոն է»։
Ֆարմանյանը տեսանյութին կից արել է գրառում, որում, մասնավորապես, ասվում է.
«Առավոտ կանուխ ծանր քաղցկեղով հիվանդ, ամբողջ կյանքը հայկական զինուժում ծառայած, պաշտոնաթող փոխգնդապետ աներոջս տուն է այցելել Ոստիկանության Նոր Նորքի քրեական ոստիկանության մայոր Վահրամ ....ը (ազգանունը չեմ հիշում, որեւէ դիտավորություն չկա): Աներոջս հրավիրում են ոստիկանություն:
Զանգում են ինձ: Խնդրում եմ հեռախոսը փոխանցել իրենց այցելած քրեական հետախուզության աշխատակցին: Հեռախոսով խնդրում եմ բացատրել, թե ինչ հիմքով ու ինչ հիմնավորմամբ են քաղցկեղով հիվանդ, 2007-ից պաշտոնաթող փոխգնդապետին հրավիրում ոստիկանություն: Ոչ մի բացատրություն: Անհասկանալի բառերի կույտ:
Տաքսիով շտապ հասնում եմ իրենց տուն` Նորքի 8-րդ զանգված: Նախապես էլ զգուշացնում եմ` մի քանի րոպե սպասեք մինչեւ հասնեմ, տեսնեմ ինչով կարող ենք օգտակար լինել` քրեական հանցավորության դեմ պայքարում: Մինչ կհասնեմ, աներս զանգում ասում է, որ ոստիկանության մայորը գնաց: Գնաց առանց բացատրություն տալու: Հարցնում եմ` բա ի՞նչ եղավ ոստիկանություն գնալու հրավերը, ի՞նչպես էին հիմնավորում: Ոչ մի ձեւ:
Հասնում եմ էն շենք, որտեղ աներս է ապրում: Իրենց ու հարեւան շենքի միջանցիկ ճանապարհին տեսնում եմ մայորի մեքենան` 36AR475 պետհամարանիշով (տեսանյութը` մեկնաբանությունում): Կանգնում եմ մեքենայի դեմը, չեմ թողնում գնա: Ասում եմ` իջիր, խոսենք, հասկանանք` ինչու՞ եք եկել ու ինչու՞ եք առանց որեւէ բացատրության կամ գրավոր փաստաթղթի քաղաքացուն հրավիրում ոստիկանություն: Ստիպված իջնում է մեքենայից: Բարձրանում ենք տուն: Զոքանչս դիմակ է տալիս մայորին` պահպանելու պարետի սահմանած նորմերը: Պարկեշտ, ստացած հանձնարարությունից իրեն կորցրած, ինձ տարեկից հայ մարդ:
Ոստիկանության մայորը ամեն կերպ փորձում է բացատրել հնարավոր գրեթե ամեն ինչ, որ ինքն ինձ ճանաչում է, հարգում է, որ ինքը աներոջս ու էդ պահին տանն եղած որեւէ մեկին չի նեղացրել (կարծես, կարող էին, բայց չեն արել) եւ այլ եւ այլն: Ամեն ինչ բացատրում է, բացի մի բանից, թե ինչու՞ եւ ի՞նչ հիմքերով է եկել աներոջս բնակարան եւ ի՞նչ հիմքերով է նրան հրավիրում ոստիկանություն: Ոչ մի բացատրություն: Շփոթված մարդու իրարամերժ մտքեր: Վերջում, այդուհանդերձ, մի բառ պոկում եմ` ասում է` ղեկավարությունն է հանձնարարել:
Հիմա ամենակարեւորը. Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես: Մեր բարբառով ասած` շողուլից ընկել ես: Քո ընտրությունն էր:
Ազգային- ազատագրական պայքարը սկսված է»։











