Մենք համայնքապետարանի մոտ էինք, երբ եղավ հակառակորդի հրետանու 3 հարվածը, հետո տեսանք ինչպես է այստեղ փոշին երկինք բարձրանում։ Այս մասին Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության մասին NEWS.am-ի թղթակցին է պատմել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչը։
«Իրար հետեւից 3 անգամ խփեցին, մեկն այս տանն է հարվածել, մյուսը մի 100 մետր հեռավորության վրա տան բակն է ընկել, մյուսը՝ էլի մոտիկ մի տան մոտ։ Դրանից հետո մենք պատսպարվեցինք», պատմել է ներքինկարմիրաղբյուրցին։
«Դուռն է ծակել, այստեղ օղի թորելու սարք կար, դա է ծակել, դուռքը ծակելուց հետո մտել, ղազանն էլ է ծակել», պատմել է մեկ այլ բնակիչ։
Ներքինկարմիրաղբյուրցի Անուշը պատմել է, որ ժամը 8-ին սկսված հրետակոծության ժամանակ ամուսինը զանգահարել եւ հրահանգել է պատտսպարվել․
«Ասաց՝ ես կովը չեմ բերի, դու փախիր շտաբ։ Ես փախա այնտեղ եւ լսեցի կրակոցը։ Ինձ թվաց, թե այս շենքը փուլ եկավ, երբ մոտիկ է խփում՝ այնտեղ էլ է ուժեղ ցնցվում։ Եկանք, տեսանք մեր բակին է խփել, պատուհանները լրիվ փշրված են, ծառերը կոտրվել են, մեկը վառվել է, պատերը, դուռը, ամեն ինչ ծակծկվել։ Ամեն ինչ ավերվել է։ Այն ղազանն էլ, որ ծակվել է, ուրիշինն էր։ Ժամանակին էլ էր մեր տունը ռմբակոծվել։ Նորոգել էինք, բայց հիմա նորից այսպես եղավ», ասել է տիկին Անուշը։
Նա պատմել է, որ երբեք դուրս չեն եկել գյուղից, կով ու խոզ են պահում, իրենց տնտեսությունը վարում, ուրիշ տեղ չեն կարող մնալ։
«Կռիվ այստեղ միշտ էլ եղել է, բայց մենք ոչ մի տեղ չենք գնացել», պատմել է Անուշը, որի որդին, ի դեպ, պայմանագրային զինծառայող է եւ այժմ մարտական դիրքերում է։











