Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 17-ին, ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին գործով  մեղադրող դատախազը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Մեղադրող դատախազի հիմնավորմամբ՝ կատարված սպանության փորձը հիմնավորված էր, իսկ ապօրինի զենք պահելու վերաբերյալ միջնորդել էր դատարանին կիրառել վաղեմություն։

Այսօրվա դատական նիստին պաշտպանության կողմը հանդես կգա ճառով։

Նշենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։

Հրապարակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու մեղադրական ճառը. դատախազը 7 տարվա ազատազրկման միջնորդություն ներկայացրեց