Արարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի ուսուցիչներն ու ծնողկոմիտեի անդամներն այսօր՝ հուլիսի 20-ին, ակցիա են իրականացրել Արարատի մարզպետարանի մոտ՝ բողոքելով դպրոցի տնօրենի ընտրության պրոցեսի ձգձգումից։

Ակցիայի մասնակիցները գրություն հանձնեցին մարզպետին ուղղված՝ նրա ուշադրությունը հրավիրելով հուլիսի 17-ին նախարարության ներկայացուցչի բացակայության պատճառով չկայացած եւ այս հինգշաբթի տեղափոխված՝ տնօրենի  ընտրությանը։

Բողոքողները կարծում են, որ ձգձգումը միտումնավոր է, քանի որ տնօրեն ընտրվելու ամենամեծ շանսերն ունի թեկնածուներից ներկայիս տնօրեն Ծովինար Գալստյանը, որը,  նշանակվել է նախկին իշխանության օրոք։

«Միտումնավոր խափանում է, չենք ուզում, որ հինգշաբթի նույնպես խափանվի, թող մրցույթը ճիշտ կայանա։ Մեր պահանջն է, որ լինի արդար ընտրություն։ Ոչ մեկս չենք խուսափում արդար ընտրություններից», - «Արմնյուզ»-ի հետ ասաց ակցիային մասնակցող՝ ծնողկոմիտեի նախագահը։

Դպրոցական խորհրդի քարտուղարը նշեց, որ ընտրության օրը փորձել են կապ հաստատել նախարարության ներկայացուցչի հետ, բայց իրենց չեին տվել հեռապոսահամար։

«Անհիմն պատճառներով գյուղապետարանի ներկայացուցիչն էլ չի եկել, չի ուղարկել համապատասխան գրություն, որ չի ներկայանալու ինչ-ինչ պատճառներով»,- նշեց ակցիայի մասնակիցը։

Նշենք, որ տնօրենի մրցույթին մասնակցելու համար բացի Ծովինար Գալստյանից թեկնածություն էին առաջադրել եւս երկու հոգի։