Անցած գիշեր հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ըստ  ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի՝  հակառակորդը հրաձգային զենքով կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 17 անգամ` արեւելյան ուղղությամբ Գեղարունիքից մինչեւ Տավուշ, կրակել նաեւ Նախեիջեւանի մեր դիրքերի ուղղությամբ։ Հայկական զինուժն արձագանքել է միայն մեր դիրքերը թիրախավորող կրակին։ Ավելի ուշ, Ստեփանյանն ավելացրել է, որ ադրբեջանական Զինված ուժերը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։ «Ադրբեջանը հետևանքների մասին նախազգուշացվել է համապատասխան կապի միջոցներով»,- գրել է նա:

Տավուշյան սահմանին կռիվների ընթացքում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսների մոտ դրական դինամիկա կա, 4 զինծառայող արդեն լավ է զգում, տեղեկացրել է Շուշան Ստեփանյանը: Մյուս վիրավորները շարք են վերադարձել։

Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է հայկական արտադրության հարվածային անօդաչուի՝ թիրախ ոչնչացնելու պահը։ Ռազմարդյունաբերողների, ինժեներների համառ աշխատանքի, անքուն գիշերների ու երազանքների արդյունքը, գրել է Հակոբ Արշակյանը եւ ավելացրել․ «Սա ընդամենը ստղծվածի մի փոքրիկ մասն է»։

Իսկ մարշալ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում այսօր  հակառակորդի խոցված անօդաչու սարքերի, կարելի է ասել, թանգարան էր կազմակերպվել բաց երկնքի տակ։ Ադրբեջանը 150-ից 200 մլն դոլարի վնաս է կրել, ասել է ինստիտուտի պետ, գեներալ Դանիել Բալայանը։ Հայկականներն, ըստ նրա, 5-8 անգամ ավելի էժան են՝ որակապես չզիջելով։

Hermes 900 իսրայելական, մինչեւ տավուշյան կռիվներն անխոցելի անօդաչուն, ոչնչացրել է ավիացիոն համալսարանի անցած տարվա շրջանավարտը, ասել է գեներալ Բալայանը, նրան պարգեւատրման ներկայացնելու մասին հարցին ի պատասխան նշել, որ որոշումները կլինեն ավելի ուշ, բայց հայկական զորքերը չեն կռվում պարգեւների համար։

Իսկ հայկական սփյուռքում շարունակվում են զորակցության ցույցերն ու երթերը։ «Ադրբեջանն ագրեսոր է» «Մենք հայ զինվորի կողքին ենք» վանկարկումներով Լոս Անջելեսի հայ համայնքն է բազմահազարանոց ցույց կազմակերպել  Ադրբեջանի հյուպատոսարանի առջեւ։ Հայ համայնքը, որն իրեն անվանում է «Փոքրիկ Հայաստան», զորակցություն է հայտնել Հայկական բանակին։ Ցուցարարները նաեւ ռազմահայրենասիրական երգեր են հնչեցրել ու շուրջպար բռնել։

Ախալքալաքի մարզադաշտի բազմամարդ ցույցի ընթացքում էլ հավաքի մասնակիցները հայտարարել են, որ  Ջավախքը միշտ Հայաստանի կողքին է: Նշվել է, որ Վրաստանում հայերն ու ադրբեջանցիները խաղաղ ապրում են, իսկ Ադրբեջանի ուղարկած սադրիչները կարող են գնալ ռազմադաշտ: Ակցիայի ավարտին մասնակիցները քոչարի են պարել:

Իսկ Ամերիկյան կոնգրեսում ներկայացվել է, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի բնորոշմամբ, պատմության ամենահակահայկական բանաձեւը: Զեկույց է պատրաստվել  հետխորհրդային 4 երկրներում, այդ թվում Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ, որոնք բռնի արտաքսվել են այդ երկրների, իբր՝ ապօրինի գրավյալ տարածքներից: «Ադրբեջանական լոբբին փեշով փող է ծախսել», գրել է քաղաքագետը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով տուժած Սերգեյ Եղիազարյանի  ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը միջնորդություն է ներկայացրել նիստից դատախազների հեռացման մասին, պայմանավորված նրանց սուբյեկտիվ վերաբերմունքով: Փաստաբան Հայկ Ալումյանն էլ արձանագրել է կառավարության կողմնակալ մոտեցումը տուժածներին պատճառված վնասի փոխհատուցման հարցում: Մյուս պաշտպան  Հովհաննես Խուդոյանը նշել է, որ կան «լավ» եւ «վատ» տուժածներ, իսկ բաժանումն իրականացրել է դատախազությունը: Միջնորդությունը պաշտպանել են բոլոր փաստաբանները։

Միջորդությունը դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ծիծաղելի է որակել՝ նշելով, որ  փորձում են խաբել դատարանին: Առարկել է Հայկ Ալումյանը՝ նշելով․ Եկեք տեսնենք, թե քանի անգամ է դատախազությունը փոխել իր կարծիքն այս գործընթացում։

Քրեական ոստիկանները, նախապես իմանալով, որ Իրանից, ապօրինի հատելով Հայաստանի խոշոր չափի թմրամիջոց են բերելու, մեկնել են Սյունիք, հետեւել զինված կասկածյալին, դարան սարքել, վնասազերծել և զինաթափել։ Ազգությամբ ադրբեջանցի Իրանի 24-ամյա բնակիչը փորձել է դիմադրել։ Նրա ուսապարկից հայտնաբերվել է 4 կգ 865 գրամ հերոին։

Արտաշատի ոստիկաններն էլ նորածին երեխայի վաճառքի դեպք են բացահայտել։

Բերքանուշ գյուղի բնակչուհին արտամուսնական կապից հղիանալուց հետո  Արտաշատի բուժկենտրոնի բժշկուհիներից մեկի հետ պայմանավորվել է մանկաբարձուհու օժանդակությամբ, երեխային 2000 դոլարի դիմաց հանձնել երևանաբնակ ամուսինների։

Ծննդաբերությունից հետո, հուլիսի 13-ին, կինն իր նորածնին հանձնել է երևանցի մի կնոջ, ստացել  50 հազար դրամ։ Բժիշկը, մանկաբարձուհին և երևանաբնակ ամուսնինները ձերբակալվել են։ Բուժկենտրոնը հայտարարություն է տարածել, որ մարտից հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է COVID-ի դեմ պայքարի համր եւ այդ ժամանակից ծննդօգնություն իրենց մոտ չի ցուցաբերվել։

Բուհերի ընդունելության քննություններում բարձր միավորներ հավաքած, բայց չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են բողոքել ընդունելության կարգից, որի համաձայն, շատ ավելի ցածր միավորներ հավաքածներն ընդունվել են, իսկ իրենք ոչ։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մոտ բողոքելուց հետո նրանք շարժվել են Ազգային ժողով: Բողոքողները մեղադրում են կրթության եւ գիտության նախարարությանը սխալ ռազմավարության համար։

Անցած մեկ օրում Հայաստանում մահացել է 18 կորոնավարակակիր, որոնցից 6-ը, իշխանությունների ավանդական ձեւակերպմամբ՝ այլ հիվանդությունից։ Գրանցվել է վարակվելու 273 նոր դեպք՝ 1072  թեստավորումից։ COVID-19-ից մահերի ընդհանուր թիվը  662 է, վարակված, բայց այլ հիվանդություններից մահացածներինը՝ 215, ընդհանուր թիվը կազմում է 877 մարդ։

Երեւանի կենտրոնում հերթական քաշքշուկն է տեղի ունեցել իրավապահների ու երիտասարդ աղջիկների միջեւ։ Ոստիկաններից մեկը պարզաբանել է, թե իրենք մոտեցել են դիմակ չկրող աղջիկներին, որոնք չեն ենթարկվել իրենց օրինական պահանջին, ձեռնաշղթաներ հագցնելու պատճառն էլ աղջիկների՝ ենթադրյալ ոչ ադեկվատ պահվածքն է եղել.

Նույն՝ «ձերբակալված եք ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար» ձեւակերպմամբ այսօր բաժին են տարել նաեւ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին։ Բանն այն է, որ կրթահամալիրի հարեւանությամբ մանկապարտեզը ցանկանում է ցանկապատել և փակել Հյուսիսային դպրոցից մայր դպրոց տանող ճանապարհը, Բլեյանը ուսուցիչների հետ նստել է այդ հատվածում՝ ի նշան բողոքի․ոստիկաններն ասել են, թե հավաքն արգելված է։

Ես սովորականի պես իմ շրջայցն էի իրականացնում կրթահամալիրի ութ տարածքով և  Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցից մեզ բերման են ենթարկել, լրագրողների հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ ներկայացնելով իր և ևս երկու ուսուցչի բերման ենթարկվելու դեպքը: «Ինչ կազմակերպված հավաքի մասին է խոսքը, որ մենք մեկ օր առաջ գիտեինք,. Որ այդտեղ լինելու են այդ աշխատանքնե՞րը: Իհարկե այդպես չի: Երեւանի փոխքաղաքապետը, եթե հավատանք իր զգացմունքներին, զարմացել էր: Վարչական շրջանի ղեկավարի համար զարմանքն արդեն կենսաձեւ է: Ամենազարմանալին այն է, որ նրանք Երեւանն են ղեկավարում: Դա անթույլատրելի է: Ես պահանջում եմ, որ վարչական շրջանի ղեկավարը վայր դնի լիազորությունները, փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը գնա իր նախկին աշխատանքին, եթե դա հնարավոր է: Եվ վերջապես «Իմ քայլը» պետք է քննարկի Հայկ Մարությանի հրաժարականի հարցը: Չի կարող Երեւանն այդպիսի քաղաքապետ ունենալ: Կներեք, բայց դա արդեն վիրավորական է երեւանցու համար»,- ասել է Բլեյանը:

Բաց տարածքներում և իր մեքենայի մեջ ընտանիքի անդամների հետ գտնվելիս դիմակ կրելուց հրաժարվելու հայտարարություն է տարածել բժշկագիտության թեկնածու Գալուստ Գալուստյանը, եւ խոստացել բոլոր տուգանքները վիճարկել դատարանում։  Նա նշել է, որ որպես բժիշկ-վիրաբույժ 30 տարի ամեն օր բժշկական դիմակ է կրել եւ լավ գիտի՝ ինչի համար է այն, իսկ երկում ծավալված, նրա բառերով այսօրվա «դիմակահանդեսը» ոչ մի կերպ չի ծառայում  կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին:

Շախմատի միջազգային օրը որպես կրկնակի տոն են նշել իմաստուն խաղի Հայաստանի ֆեդերացիայում․ լույս է տեսել Հենրիկ Գասպարյանի նոր գիրքը, որտեղ զետեղված են նրա 110 կոմպոզիցիաները: Հանրապետության երրորդ նախագահ, Ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանը նույնպես մասնակցել է Էտյուդների արքայի գրքի շնորհանդեսին։

Ավելի ուշ Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ: Երրորդ նախագահը կայցելի մորը, կհանդիպի ընկերների հետ: Երրորդ նախագահի գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը կլինի նաև Ամարասում` տեղում ծանոթանալու վանական համալիրի վերականգնման ընթացքին:

Միջազգային մամուլն անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների բացառիկ ցինիզմին։ Անկարան Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթի բացմանը, ինչը, շատ լրատվամիջոցներ բացահայտ ծաղր են համարում Սուրբ Աոռի միապետի հանդեպ: Օրեր առաջ Էրդողանը չեղյալ էր հայտարարել հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի՝ տաճարը թանգարանի վերածելու  որոշումը, եւ այժմ հին քրիստոնեական տաճարը կրկին մզկիթի է վերածվել: Այդ վճռի առիթով կաթոլիկ քահանայապետն իր հիասթափությունն էր հայտնել։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.89 դրամով եւ կազմել 483.70 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.53 դրամով ու կազմել 553.59 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.86 դրամով ու հասել 613.72 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով  ու կազմել  6.83 դրամ։

Հայաստանի շրջանների մեծ մասում, նաեւ Երեւանում, հուլիսի 22-ին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առանձին հատվածներում կարկուտ կտեղա։ Առաջիկա 2 օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21 +23, վաղը ցերեկը՝ +30 +32 աստիճան: