Հուլիսի 19-ին, ժամը 19.45-ի սահմաններում 1-02 ահազանգած երիտասարդը հայտնեց, որ իր բջջային հեռախոսը գողացել են։ Դեպքը տեղի էր ունեցել մայրաքաղաքի «Անգլիական» այգում։ Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց դեպքի վայր։

Երիտասարդը որոշ ժամանակ ուշադրություն չէր դարձրել հեռախոսին, ապա նկատել էր, որ գողացել են։ Նրանից հաղորդում ընդունվեց, ինչից հետո Կենտրոնականի քրեական հետախույզներն անցան բացահայտման միջոցառումներին։ Երկօրյա օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզ դարձավ կասկածվողի ինքնությունը։

Գողության հետ նրա առնչությունը փաստող տվյալներ ձեռք բերելուց հետո Երեւանում բնակվող 18-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տվեց խոստովանական բացատրություն։ Շուտով հայտնաբերվեց նաեւ գողացված բջջային հեռախոսը։ Դեպքի այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։