Հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադարի խախտումները դատապարտելու եւ բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով. հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն Մինսկի խմբի համանախագահներն ու նրանց երկրները: Այս մասին, յսօր՝ հուլիսի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տեսակետից հատկապես արդյունավետ էր Ռուսաստանի ներգրավումը, որն արտահայտվեց ինչպես ԱԳՆ-ի, այնպես էլ ԶՈՒ գլխավոր շտաբների մակարդակով:

Միակ երկիրը, որը փորձում է ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրհրել, Թուրքիան էր: Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող եւ ագրեսիվ քաղաքականությունը իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում եւ ավանդական հակահայկական քաղաքականությունը, որն արտահայտվում է Հայոց ցեղասպանության արդարացմամբ, Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր: Բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով»,-ասաց նա: