Ֆրանսիայում երկու եղբայրներ դուրս են ցատկել 9 մետր բարձրությամբ այրվող բնակարանից։ Նրանց անցորդներն են բռնել: Երեխաների անկումն ու հրաշք փրկությունը նկարահանել են։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է շենքից սեւ ծուխ բարձրանում, եւ մի երեխա կախված է պատուհանից դուրս, այնուհետեւ նա ընկնում է գոռացող ամբոխի մեջ։ Նրանից հետո ցատկում է ավագ եղբայրը: Դեպքը տեղի է ունեցել Գրենոբլի ծայրամասում:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ տղաները չեն տուժել: Նրանք հոսպիտալացվել են 17 այլ բնակիչների հետ, քանի որ թունավոր գոլորշիներ են շնչել:

Նրանց բռնող չորս հերոսները նույնպես տեղափոխվել են հիվանդանոց՝ համոզվելու, որ կոտրվածքներ չունեն:

Գրենոբլի ուսանող, 25-ամյա Ատումանի Վալիդը կոտրել է մի դաստակը, երբ օգնում էր բռնել երեխաներին:

Նա հարեւան բնակարանում բոցեր տեսնելուց հետո գոռոցներ լսելուն պես գործի է անցել: Մի քանի մարդ նույնպես հավաքվել է այրվող բնակարանի տակ: «Մենք չգիտեինք ինչ անել: Մենք ցանկանում էինք կոտրել դուռը, բայց դա անհնար էր»: Այդ պատճառով նրանք կրկին իջել են ներքեւ եւ բղավել, որ տղաները ցատկեն իրենց գիրկը: «Երբ նրանք ցատկեցին, վախն անհետացավ: Միակ բանը, որ կարեւոր էր, նրանց բռնելն էր»,- ասել է նա:

Վալիդը հույս է հայտնել, որ դրամատիկ փրկությունը կփոխի մարդկանց պատկերացումները Վիլնյով թաղամասի մասին, որտեղ մեծ թվով ներգաղթյալներ են ապրում։